այսօր-վաղը նրանց կողմից միջնորդ կգա «Սոնային ուզելու Մուրադի համար»։
Հացթուխը նրա ասածը հաղորդեց ամուսնուն։ Պայտագործն ուրախացավ և սկսեց ավելի բարեկամաբար վերաբերվել խենթին։
— Ինչու՞ չէ,— ասաց նա մի օր, ձեռը խփելով Դանելի ուսին,— Սոնայիս պես աղջիկ ո՞վ ունի... դե, ինձ էլ ճանաչում ես, Դանել ջան, բանը փողը չէ, մենք էլ մարդ ենք, քաղաքում անուն ունինք։ Թող մեկը դուրս գա ու ասի— Ոսկանն այսպես է, այնպես է։ Պատվավոր մարդու տղա, պատվավոր մարդ ենք։ Եղբորդ որդին թող ուրախությունից գլխի վրա քյալլա-մալլաղ կանգնի, որ իմ փեսան է դառնում։ Ինձի Ոսկան կասեն, հանաք-մասխարա չիմանաս...
Խենթը համաձայնվեց նրա ասածներին, բայց միևնույն ժամանակ նրան թվաց, որ իր բարեկամը շատ էլ պարծենալու իրավունք չունի։ Ասենք, Ոսկանը նամուսով է, գլխին տղամարդի գդակ ունի, միայն ժամանակ-ժամանակ իրան կորցնում է։
— Խոսքս այն զահրումարի մասին է, քի՛չ ածա փորդ, տնաքանդ, խոմ ներսդ չես այրելու։
— Ասում ես, օրինակ, էլ չկոծե՞նք, էլի՛,— հարցրեց պայտագործը։
— Կոնծի՛ր, ո՞վ է ասում, քիչ-քիչ, մեկ-մեկ, երկու-երկու, ավելի չէ...
Խենթի խրատը ըստ երևույթին, շատ ծիծաղելի թվաց արբշիռ պայտագործին։ Մի աչքը փակելով, նա գլուխը ծռեց դեպի ուսը և հեգնաբար ասաց.
— Արի, Դանել ախպեր, եպիսկոպոս ձեռնադրվիր, խիստ լավ ես քարոզում։
Հետո, ձեռը խփելով բարեկամի ուսին, ավելացրեց.
— Դու ինձ ասա, տեսնեմ, աղջիկս բախտավոր կլինի է՞լի։
— Ասում եմ, էլի՛ կասեմ, ինքդ էլ կտեսնես։
— Բաս, ապրես Դանել ջան, լավ մարդ ես։ Խելքդ ինչ է կտրում, օրինավոր ազգականներ ունենալը լավ բան է, չէ՞: Դու այն ասա, որ փո՛ղ շատ ունենա, փո՛ղ, թե չէ,