ես նրանց աղջիկ չեմ տալ, ձեռնատու չէ։ Մենք էլ պատվավոր մարդ ենք, գրպանի ծախս է հարկավոր... Իսկի չլինի, մի բաժակ հացի յա ջաջի արաղ կտան, որ կենացները անուշ անենք, հը՞մ։
Խենթը զգաց, որ բարեկամը լավ բան չի ասում։ Առանց այդ էլ նրա գլուխը ձանձրացել էր լուրջ խոսակցությունից։ Նրա աչքերը հանկարծ պսպղացին, գավազանը ձեռին դողաց։
— Ոսկան աղբեր, ճանաչու՞մ ես ասլան Դանելին,— գոչեց նա կատաղած։
Պայտագործը վախեցավ։ Խենթի կերպարանքը շատ մոլեգին արտահայտություն էր ստացել։
— Լա՛վ, մի՛ չարանար, Դանել ջան,— ասաց նա, բռնելով իր բարեկամի ձեռը։
— Կնիկդ, աղջիկդ լաց են լինում գիջեր-ցերեկ, ճանաչո՞ւմ ես ասլան Դանելին, քի՛չ խմիր։
— Է՜հ, չեմ խմիլ, վաս սալամ, արաղ քաշողի էլ հերը գյոռբեգյոռ լինի...
Այս խոսքերը մի փոքր հանգստացրին խենթին։ Նա գավազանը դրեց կռնատակին։
Այդ օրից նա պայտագործին այլևս չէր առաջնորդում դեպի գերեզմանատուն քելեխ ուտելու։ Եվ միշտ հացթուխին հարցնում էր. ի՞նչպես է Ոսկանը վարվում նրա հետ, խոմ չի ծեծում նրան կամ Սոնային։ Կարծես, մեկը նրա վրա պարտականություն էր դրել ամեն բանում հովանավորել աղքատիկ ընտանիքին։ Նրա սպառնալիքը Ոսկանի վրա չազդեց։ Շաբաթը երեք-չորս անգամ պայտագործը տուն էր վերադառնում օրորվելով և հայհոյանքը բերանին։
Մի օր խենթը, վազելով, մտավ հացթուխի խրճիթը և շնչասպառ ասաց.
— Հիմա կգա, աչքովս տեսա, ականջովս լսեցի, բա՛նդ տես...
Ասաց ու ինքն իսկույն անհետացավ։ Հացթուխը հասկացավ ում մասին է խենթի խոսքը, շտապով կարգի բերեց խրճիթը և սկսեց ականջ դնել դեպի դուրս։ Արդարև, մի քանի րոպե անցած, լսեց քայլերի ձայն և Սոնային հրամայեց,