Զառնիշանը, առանց չարսավի, մի կինամոնագույն շալ ուսերին գցած։ Իսկ-որ այդ կինը «չորաթան» էր, այնքան ցամաքած էր։ Նրա ոսկրոտ դեմքին, լայն կզակին, մեծ բերանին մի առանձին խստություն էին տալիս այն մի զույգ սուր աչքերը, որ պսպղում էին ինչպես վառված ածուխի կտորներ։ Սոնայի մարմնով անցավ մի ցնցում, երբ նրա հայացքն ընկավ այդ կնոջ վրա. մի ցնցում, որ մարդ կարող է զգալ, երբ հանդիպի շարժուն կմախքի, որի աչքերի խորշերի մեջ տեղավորված են երկու փայլուն որդեր։ Բայց պառավի քայլվածքն այնքան կենդանի է, որ, ըստ երևույթին, նա բնավ ցանկություն չուներ երբևէ կմախք դառնալու։
Դռների մոտ, օդի մեջ ցցվեց Բուխարի մորթուց կարված մի սրածայր գդակ, որի տիրոջ մարմինը, հայտնի չէր ինչու, տատանվում էր ներս մտնել։
— Համեցե՛ք, խնամի, համեցե՛ք,— կրկնում էր պայտագործը դրսից։
Վերջապես խրճիթի շեմքի վրա երևաց մի մարդկային ոտ սպիտակ գուլպայով ծածկված, ապա երկրորդը, ապա մի երկայն չուխա։ Հայտնվեց, որ նրանց տերն է — փեսացվի ավագ եղբայրը։ «Չոփուռ» Կարապետը — այսպես էին կոչում ներս մտնողին — մոտ քառասուն տարեկան տղամարդ էր ամուր կազմվածքով, փոքրիկ աչքերով և դուրս ցցված այտերով, որոնց վրա ծաղիկը խոր փոսեր էր թողել։
Սոնայի մարմնով դարձյալ մի սարսուռ անցավ, երբ նա շալի տակից նայեց այդ մարդու կերպարանքին։ Վերջապես, ներս մտավ չորրորդ և վերջին հյուրը — Կարապետի կինը՝ Գյուլնազը, ոտից գլուխ չարսավի մեջ փաթաթված։
Բավական երկար ժամանակ տևեց, մինչև որ հյուրերը համաձայնվեցին նստել այն կարգով, որ ցանկանում էին տանտերերը։ «Չոփուռ» Կարապետը անպատճառ ուզում էր դռների մոտ նստել, հարկավ, համեստություն ցույց տալու համար։ Պառավ Զառնիշանը համառությամբ իր մեջքից վերցնում էր և մի կողմը ձգում, իսկ հացթուխը նույն համառությամբ սեղմում էր նրա մեջքին մի փափուկ բարձ։ Այնինչ,