Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/278

Այս էջը հաստատված է

և անշունչ մեքենայի պես կատարում է այն բոլորը, ինչ որ ուրիշներն են կամենում։ Կյանքում նա հինա չէր գործածել. երկու շաբաթ էր արդեն նրա գլուխը ստեպ-ստեպ ներկում էին։ Նրա գանգուր և շքեղ մազերի գեղեցիկ մուգ-ոսկեգույնը, քաղաքի սովորության համեմատ, տգեղ են համարել և աշխատել են սևացնել։ Եվ այժմ նրա դեմքի դեղնությունն ավելի է աչքի ընկնում մազերի սևությունից։ Հայելի են տալիս նայելու, և նա ինքն իրան չի ճանաչում։

— Ի՛ֆ, թուրքի աղջկա եմ նման,— ասում է նա ժպտալով։

Բայց ո՛րքան թույլ է այդ ժպիտը և ի՛նչպես սազ չի գալիս նրա դեմքի մռայլությանը։ Նրան հրամայում են թույլ տալ մի ինչ-որ պառավ թրքուհու, որ նրա դեմքը «գեղեցկացնի»։ Մի փոքրիկ մկրատի ծայրով թրքուհին մեկ-մեկ պոկում է նրա գեղեցիկ ունքերի ավելորդ համարած մազերը, սուրմայում է արտևանունքը, ոլորում է վարսերը։ Հետո նրան հրամայում են կանգնել, երեսը ծածկում են քողով, գլխին չարսավ են ձգում։ Ապա նրան նստեցնում են, նորից հրամայում են կանգնել, նորից նստել։ Այնուհետև նորահարսերը բռնում են նրա թևերից և առաջ են տանում։ Նրա աչքերը ծածկված են, ոչինչ չի տեսնում։ Նա լսում է միայն նորահարսերի շշնջյունները և կատարում նրանց պատվերները։

Հանկարծ լսվում է քահանայի ձայնը, որին հետևում է տիրացվի ձայնը։ Սկսում են երգել։ «Պահպանիչը» վերջանում է, լսվում է ամեն կողմից «շնորհավո՛ր լինի, շնորհավոր լինի»։ Ապա նա զգում է մի թարմություն։ Բաց օդը, թափանցելով քողը, զովացնում է նրա երեսը։ Նրան տանում են առաջ։ Ո՞ւր։ Այժմ մեկը քայլում է նրա հետ կից առ կից։ Ո՞վ է։ Սառն օդը մի փոքր սթափեցնում է նրան: Զգում է, որ կից առ կից գնացողը շուտով իր գլխի տերն է դառնալու։

Լսվում է զուռնայի սուր ձայնը։ Աա՜, այդ է, ուրեմն այն ձայնը, որ նա քանի-քանի անգամ լսել է հայրական խրճիթի զավթում, հեռվից։ Ինչո՜ւ այսօր այնպես ուրախ չի հնչում, ինչպես նրա ընկերուհիների հարսանիքին։ Ինչու Սոնային թվում է, որ իրան թաղելու են տանում։ Ո՞րտեղ