Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/280

Այս էջը հաստատված է

շրջանում։ Քողը հանդարտիկ շարժվում է, նրա տակից լսվում է նորահարսի հեկեկանքը։

Ոչինչ, դա մի նորություն չի։ Բոլոր նորապսակները լալիս են, այո՛ իհարկե, ուրախությունից։ Եվ ինչո՞ւ չպիտի ուրախանա Սոնան։ Մի խեղճ հացթուխի ու մի արբշիռ, կեղտոտ պայտագործի աղջիկ, և հանկարծ այդպիսի ամուսի՜ն։ Հարուստ տուն ու տեղ, աջող առուտուր, տղան երիտասարդ, խելոք, գեղեցիկ։ Իսկ ինքը, նորահարսը, ի՞նչ է բերում հետը։— Մի ձեռք հագուստ։ Ճշմարիտ, այդ բախտ ասված բանը իսկի աչքեր չունի, պտույտ է գալիս, պտույտ և հանկարծ փաթաթվում մի հացթուխի աղջկա վզին։

Այսպես էին մտածում և այս մասին էին քչփչում կանայք, մանավանդ Սոնայի մանկության ընկերուհիները։ 0՜օ, հինում են նրանք այդ նորահարսին։ Նա մի լալկան և վախկոտ աղջիկ էր, միայն լավ վազել գիտեր։ Ոտաբաց, գլխաբաց կվազվզեր փողոցներում։

— Միտս է, միտս է, ջհուդի մազերով աղջիկ էր,— գոչեց Բարղամանց Մարջանը։

— Ամեն օր փափուկ հաց էր ուտում,— ավելացրեց Միսկարանց Զառվարդը։

— Մայրը սրա ու նրա համար հաց էր թխում, կուտեր, բաս ինչ,— մեջ մտավ Շավալյանց խորամանկ Հռուսիկը։

Մի րոպե խոսակցությունը ընդհատվեց։ Խոսակիցները մեկ-մեկ մոտեցան նորահարսին շնորհավորելու և հերթով, քողը բարձրացնելով, նայեցին նրա երեսին։ Սևիկ Մարգարիտը, հանկարծ մի բան մտաբերելով, դարձավ իր ընկերուհիներին.

— Աղջի միտնե՞րդ է այն օրը։

— Ի՞նչ օր, ի՞նչ օր,— կրկնեցին ամենը հետաքրքրված։

— Այն օրն է՜՝, որ Սոնան, մեզ հետ խաղ անելիս, լափաշվեց հողի վրա ու կապտեց։

— Հա՛ա, գիժ-Դանելն էլ եկավ վերցրեց, տուն տարավ։

— Իսկի չիմացանք, ի՞նչ պատահեց այդ աղջկան։

— Էլ այն օրից երեսը չտեսանք։

Դարձյալ խոսակցությունը ընդհատվեց։ Խոսողները