Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/282

Այս էջը հաստատված է

կիսամերկ։ Նա հագել էր Սոնայի կարած նոր արխալուղը, հյուսած գուլպաները, գլխին դրել էր մի սև մորթյա և կիսով չափ ցեցից մաշված գտակ։ Պարծանքով ամենին ցույց էր տալիս արխալուղը և գուլպաները, ասելով, թե նորահարսն է կարել և հյուսել իր համար։ Այդ երեկո նա, իր ասելով, երկու հարսանիք ուներ, մեկ որ նրա եղբորորդի Մուրադն է պսակվում, մեկ էլ «խաթուն Սոնան» է մարդու գնում։

— Ուխտ եմ արել նրանց հարսանիքի մաշալան տանելու, տվեք ինձ,— ասաց նա, նավթային ջահը խլելով մի մշակի ձեռից։

Եվ եկեղեցուց մինչև նորափեսայի տունը խենթը ձեռից բաց չթողեց այդ ջահը...

VII

Կիսավեր քաղաքի հասարակության մեջ հացթուխի խնամիները համարվում էին ունևոր։ Քսանուհինգ տարի առաջ այդ ընտանիքը մի մոտակա գյուղից գաղթեց և մշտապես հաստատվեց այդ քաղաքում։

Այն ժամանակ ընտանիքի գլուխը Սոնայի ամուսնու հայրն էր — հանգուցյալ Սարգիսը։ Նրա ավագ որդին «չոփուռ» կոչված Կարապետը դեռ ամուսնացած չէր, իսկ Մուրադը տակավին երկու տարեկան երեխա էր։ Սարգսից հետո ընտանիքի մեջ երկրորդ տեղն էր բռնում նրա փոքր եղբայր Դանելը։ Այժմյան խենթը մի համեստ ու աշխատասեր դերձակ էր և վայելում էր իր արհեստակիցների շրջանում պատիվ ու հարգանք։ Տասը տարեկան հասակում նա, առաջինը քաղաք գալով, մտել էր աշակերտ մի դերձակի մոտ և այժմ արդեն վարպետ էր։ Միևնույն ժամանակ, իր եղբոր հետ միասին պարապում էր առևտուրով։ Նրանք գյուղերում գնում էին գինի, ընկույզ և ուրիշ մթերքներ, վաճառում էին քաղաքացիներին։ Չնայելով առևտրի հաջողության, Դանելը չէր ուզում իր արհեստից ձեռք վերցնել և միշտ ասում էր.

— Իմ ասեղը միլիոնով չեմ ծախիլ։

Նա ամուսնացած էր իր նախկին վարպետի դստեր հետ,