Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/285

Այս էջը հաստատված է

ոչինչ չխոսեց, ձայն ու ծպտուն չհանեց, չհառաչեց մինչև անգամ։ Նա մտիկ արավ մեր երեսին, աչքերը չռած, հետո մտիկ արավ աղջկա երեսին։ Միտս չի ինչքան ժամանակ նա մնաց սառած, քարացած։ Մեկ էլ լսեցինք մի ձայն. մի ձայն, որ կասեիր գայլ է մռնչում։ Դանելը ընկավ աղջկա պաղած մարմնի վրա և մինչև երեկո մնաց այնպես։ Ոչ ոք չուզեց նրան բաժանել դիակից։ Չէր էլ կարելի բաժանել, այնքան խեղճը պինդ էր կպել աղջկա մարմնին…

Ուշքի գալով, Դանելը սկսում է բարձրաձայն ծիծաղել, երկու ձեռները զարկելով կրծքին։

Մյուս օրը տանում են նրա աղջկանը թաղելու։ Դանելը գնում է դագաղի հետևից ոտաբաց, գլխաբաց։

Այն օրից հետո մենք նրա գլխին գդակ, ոտներին կոշիկ չենք տեսնում,— ավելացրեց Նարգիզը, հառաչելով։— Սպասիր, սպասիր, ի՞նչ պատահեց…

Խոսքն ընդհատելով, Նարգիզը զարմացած նայեց Սոնայի երեսին և հանկարծ գոչեց.

— Միտս է, միտս է հարսանիքիդ երեկո նա գդակ ու կոշիկներ էր հագել․ զարմանալի է, զարմանալի…

Արդարև, շատերը զարմացան այդ երեկո, երբ տեսան Դանելի գլխին գդակ, ոտներին կոշիկներ։ Աղջկա մահից հետո առաջին անգամն էր, որ նա հագնվեց մարդավարի։

Նա մոռացավ իր խանութը։ Տնից տուն թափառելով, երբեմն կանգնում էր այս կամ այն փլատակների վրա և, մերկ ոտները քարերին զարկելով, կրկնում էր.

— Մանիշակս, Մանիշակս…

Գործ դրվեցին տեղական բոլոր հաքիմների դեղերը, բոլոր հմայիչների անեծքները, բոլոր կախարդական բույսերը — ոչինչ չօգնեց։ Եղբայրը ծախեց Դանելի խանութի ապրանքը և նրա կնոջ ու զավակների գերեզմանների վրա քարեր գցել տվեց։ Ամեն օր Դանելն այցելում էր այդ շիրիմները, և երբ նա քաղաքի շուկայով դիմոմ էր դեպի գերեզմանատուն, ամենքն ասում էին.

— ԳիԺ-Դանելը գնում է…

Նարգիզի պատմությունը կսկծեցրեց Սոնայի սիրտը։ Նա չկարողացավ իրան զսպել և արտասվեց։ Այսպես,