ուրեմն, ահա թե ինչ է նշանակում Դանելի համար Մանիշակ անունը, որ այնպես շուտ-շուտ արտասանում է։
— Խեղճ Դանել ապեր, խե՛ղճ Դանել ապեր, — կրկնեց նորահարսը, աչքերի արտասուքը սրբելով։
Նա չգիտեր, ինչ էր անցնում այդ միջոցին նորահարսի սրտով։ Սոնան հիշում էր իր մոր պատմությունն այն օրվա մասին, երբ Դանելը նրան փողոցից վերցրել էր և տուն բերել։ Այն ժամանակ նա յոթը տարեկան է եղել — ճիշտ այն հասակում, երբ Մանիշակը մնացել է քարերի ու հողի տակ։ Նա ընկած է եղել հողային բլրակի վրա այնպես, ինչպես Մանիշակն արևի տակ — երեսնիվեր, մազերը գլխի շուրջը թափված։ Անբախտ հայրը, տեսնելով նրան, հիշել է իր հարազատ աղջկանը, գրկել է ընկնավորին, տուն բերել։ Այստեղից է սկսվել նրա համակրանքը դեպի մի անծանոթ աղջիկ և նրա թշվառ մայրը։ Ուրեմն խենթը Սոնային տեսնելով, մտաբերում է իր Մանիշակին և, ով գիտե, մխիթարվում էլ է։
— Ես նրան սիրում եմ. օրիցս դենը տասնապատիկ կսիրեմ, Նարգիզ բաջի։ Ասա նրան, որ ամեն օր գա, ես ուզում եմ նրան շուտ-շուտ տեսնել։
— Նա այս տնից փախչում է,— պատասխանեց Նարգիզը։
— Ա՛յ, տեսնո՞ւմ ես այն ծառը. նրանից մի քիչ հեռու էր ընկած Մանիշակը, այնտեղ էր մեր հին տունը։ Տարենը մի քանի անգամ կանգնում է այն ծառի տակ, փայտը կրծքին բռնում, գլուխը բարձրացնում ու երգում։ Առաջ շատ քիչ-քիչ էր գալիս, հիմա էլի շաբաթը մի անգամ երևում է… էլի լա՞ց ես լինում, Սոնա․ չէ, լավ սիրտ ունիս, շատ լավ սիրտ ունիս…
— Ես կուզենայի նրան մի բանով մխիթարել, անբախտը անբախտի ցավը կհասկանա…
Սոնան ընդհատեց խոսքը։ Նա զգաց, որ շատ հեռու է գնում։ Նարգիզը կարող է նրա խոսքերից մի բան հասկանալ։ Իսկ Սոնան սոսկում էր այդ բանից, որ տակավին