գաղտնիք էր նրա ամուսնու և ազգականների համար։ Այնինչ օր—օրի վրա լարված ջղերով սպասում էր սարսափելի ճգնաժամին, ինչպես կախաղանին դատապարտվածը իր կյանքի վերջին րոպեին։
Հարսանիքի առաջին երեք օրերը անցան Սոնայի համար մի տեսակ մառախուղի մեջ։ Տպավորությունները անծանոթ էին և բազմակողմանի։ Նա չէր կարողանում կարգի բերել նրանց և հասկանալ, ինչ է զգում կյանքի անծանոթ շրջանում։ Նա դեռ երազի մեջ էր, և այդ երազն արճիճի պես ճնշում էր նրա սիրտը։
Անցան այդ երեք օրերը, վերջացավ հարսանիքի հանդեսը, դադարեցին հյուրերի այցելությունները։ Այն ժամանակ միայն Սոնայի մտքերը սկսեցին պարզվել։ Չորրորդ օրը հարսանիքի քողը հանեցին նրա երեսից։ Այդ քողի հետ ընկավ և՛ նրա հոգու վարագույրը… Ամուսնական կյանքի և կնոջ կոչման ամենատարրական, բայց և ամենանուրբ գաղտնիքը լուծվեց նրա համար։ Նույն օրն առավոտ, առանձնացած իր ննջարանում, երկար և երկար ժամանակ հեկեկաց։ Նա ոչ ոքի չէր ուզում տեսնել։ Սկեսրի համբույրն այրում էր նրա շրթունքները։ Իսկ ամուսնու երեսին նայել չէր ուզում, զզվում էր անգամ նրանից։ Մարդիկ նրան թվում էին անբան անասուններ, որոնց համար չկար ամոթի զգացում։ Բայց որքա՛ն խոր էր այդ զգացումը նրա սրտում և ինչպես տառապում էր, հիշելով իր մոտիկ անցյալը և համեմատելով ներկայի հետ։ Գնաց, անհետացավ այդ անցյալը, և այժմ, կարծես, ննջարանի պատերն անգամ ծաղրում են իրան։
Երբ նա տեսավ իր մորը — իսկ այդ օրը տեսավ սովորականից ավելի վաղ — փաթաթվեց պարանոցին, գլուխը սեղմեց կրծքին և նորից սկսեց հեկեկալ։ Նա ամոթից չէր համարձակվում նայել հարազատ ծնողի երեսին և, միևնույն ժամանակ, զգում էր դեպի նա մի անբացատրելի ատելություն։ Ինչո՞ւ այդպես վատ վարվեցին նրա հետ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ։ Ախ, Սոնան ավելի բախտավոր էր իր ծնողների խրճիթում, անհամեմատ բախտավոր։ Զգո՞ւմ է արդյոք նրա մայրը իր արած սխալը։ Սոնան գլուխը բարձրացրեց և մի