վայրկյան նայեց մոր երեսին, սպասելով այնտեղ կարդալ ցավակցություն։ Բայց, զարմանալի բան, հացթուխը ոչ միայն չէր զգում, այլև այդ օրը ուրախ էր ավելի, քան երրևէ։ Ինչ, մի՞թե հարազատ աղջկա ամոթը երջանկացնում է նրան։
— Թող այսօրվա բախտավոր օրով,— ասաց հացթուխը, համբուրելով Սոնայի երեսը, աչքերը, շրթունքները, — աստված վերջ տա մեր ցավերին։ Թող օրհնվի ճակատիդ գիրը, չարը կալին-կապին ընկնի, բարին պահպանի քեզ էլ, մարդուդ էլ։ Տարիներով տանջվեցի, հիմա բախտավոր եմ։ Տեր աստված, տեր աստված, թող լույս աչքով տեսնեմ այն օրը, որ աղջիկս կարողանա իր մարդու ու ազգականների երեսին մտիկ անել պարզերես, ինչպես նա այսօրվա օրն է պարզերես…
Սոնան զարմացած նայում էր մոր երեսին։ Ինչու է այդ կինը ուրախ։
— Հա, որդի,— շարունակեց հացթուխը, պատասխանելով նրա անլուր հարցին,— աստծու տվածի չափ ուրախ եմ այսօր, հույս ամենակարողին, որ էլ ավելի ուրախանամ։ Երկու երազ եմ տեսել, մեկը կատարվեց, մյուսն էլ կկատարվի… Դու լաց ես լինում, էէ՛, ես էլ շատ եմ լաց եղել երեսիս քողը հանելիս… Կսովորես, որդի, կտեսնես, որ աշխարհում ապրելը լավ բան է… քո մարդը իմ մարդու նման սևերես չէ։ Ես անբախտ էի, դու բախտավոր կլինես, եթե աստված ուզենա…
Իսկապես Սոնան հասկանում էր իր մոր խոսքերի քողարկված իմաստը։ Չէր հասկանում միայն, ինչպես կարող է ինքը բախտավոր լինել, քանի որ չի ուզում իր ամուսնու երեսին անգամ նայել։
Սակայն անցավ ժամանակ, և այդ խնդիրն էլ սկսեց նրա համար պարզվել։ Նա հետզհետե ընտելանում էր իր վիճակին։ Կյանքը գնալով քաղցրանում էր։ Անցնում էր նրա անբացատրելի երկյուղն ամուսնուց, ծագում էր նրա սրտում մի անսովոր ախորժելի զգացում։ Վերջապես, տեսավ, որ ամուսինը կոպիտ անասուն չէ։ Ոչ, ընդհակառակը, բարեսիրտ և քաղցրաբարո մի բարեկամ է, nր ուզում է