Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/289

Այս էջը հաստատված է

նրան երջանկացնել։ Նա Սոնայի հետ վարվում էր ինչպես մի նոր բուսած նուրբ ու անգին ծաղկի հետ, վախենալով շոշափել նրան, մի գուցե քնքուշ տերևները թափվեն։ Նայում էր նրան ոտից գլուխ, լուռ ժպտալով և սքանչանում այնպես, ինչպես կարող էր սքանչանալ մի մանուկ, որի ձեռն են տվել, վերջապես, նրա սիրած խաղալիքը։ Նա չգիտեր խոսքերով արտահայտել իր սերը։ Բայց ակնածությամբ և գուրգուրանքով լի հայացքները զգալ էին տալիս Սոնային, որ այդ մարդն իրան երջանիկ է համարում։

Սոնայի սիրտը բաբախում էր այդ հայացքներից։ Դա ամուսնական սիրո անդրանիկ սերմն էր, որ արդեն սկսել էր արագ արագ աճել, զարգանալ, որովհետև ընկել էր պարարտ և կարոտ հողի վրա։ Այժմ ամուսնու փաղաքշանքները ոչ միայն չէին վախեցնում նրան, այլև հաճելի էին թվում։ Շատ անգամ նա ինքն էր զգում փաղաքշելու պահանջ։ Բայց ամոթխածությունը կաշկանդում էր նրան։ Նա չէր համարձակվում իր սրտի զգացումն արտահայտել ոչ մի արտաքին ձևով։

Երբեմն հիշում էր այն մոտիկ անցյալը, երբ մահ էր աղերսում աստծուց և սարսափում էր։ Ինչո՞ւ այս ծաղիկ հասակում աշխարհից բաժանվել, քանի որ կյանքն այսքան քաղցր է։ Ա՛խ, նրա մայրը զուր չէ ասում, թե կարող է երջանիկ լինել։ Սոնան հիմա է հասկանում նրա խոսքերի միտքը։ Այժմ այն չէ, ինչ որ հարսանիքի առաջին օրերն էր։

Բայց կա էլի մի չար կասկած, որ Սոնային անհանգստացնում է։ Ասենք, նա սիրում է իր ամուսնուն, իսկ ինքը իրավունք ունի՞ սիրվելու։

«Չէ, չէ,— պատասխանում էր նա ինքն իրան,— ես անարժան եմ. ես ընկնավոր եմ, նա չի իմանում, շուտով կիմանա»...

Ո՛վ գիտե, կարելի է Մուրադին հենց այժմ էլ հայտնի է նրա ցավը, կարելի է Սոնան արդեն ընկել է նրա առջև։ Չէ՞ որ նա երբեք չի զգում իր ընկնելը։ Եվ ստեպ-ստեպ երկյուղածությամբ նայում էր իր ամուսնու աչքերին, հուսալով այնտեղ կարդալ նրա միտքը։ Մի օր, երբ Մուրադը