Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/293

Այս էջը սրբագրված է

Նա շտապով դիմեց դեպի դուրս ահագին քայլերով։

Հեռվից լսվում էր նրա խռպոտ ձայնը, որ տարածվելով ամայի փողոցում, մի առանձին մռայլություն էր տալի.։ արևի վերջին ծիրանագույն շողերով օծված ավերակներին։

Նրա տխուր երգի հնչյունները արձագանք էին գտնում այդ ավերակների մեջ և երիտասարդ նորահարսի սրտում…

VIII

Հացթուխը Սոնային այցելում էր շաբաթը մի կամ երկու անգամ։ Պայտագործը գալիս էր գրեթե ամեն օր։ Հացթուխը երբեք չէր ընդունում իր խնամիների հրավերը — ճաշի մնալու կամ գոնե մի բաժակ թեյ խմելու։ Պայտագործը հենց մի այդպիսի հրավերի էր սպասում։ Բավական էր մի երկդիմի ակնարկ — իսկույն ծալապատիկ նստում էր, ահագին գդակը գլխից հանելով և կողքին դնելով։ Ահա ինչու նրա այցերը ավելի անախորժ էին խնամիների համար։Երբեմն Սոնան լսում էր պառավ Զառնիշանի և Գյուլնազի ակնարկներն իր հոր «աներեսության» մասին։ Ոչ կարողանում էր պաշտպանել հորը և ոչ էլ ուզում էր հայտնել նրան, որ իր այցելությունները կրճատի։

— Մարդ պետք է իրան ծանր պահի, որ ուրիշներն էլ պատվեն,— ասաց մի օր Զառնիշանը, քթախոտն ուժգնությամբ ներշնչելով քթի պնչերով ներս — թե չէ, նրա գինը — մի դրոշ։ Ասենք, ես խոսողը չեմ, բաս, մարդ աստծու, դու ինքդ ֆիքր չե՞ս անում, որ ցեխոտ ոտներդ կեղտոտում են իմ տուն ու տեղը. փիյե…

Նա նստած էր ծալապատիկ սենյակի վերին կողմում, Սոնան կանգնած էր նրա առջև, ձեռները կրծքին, գլուխը ցածթեքած։

— Ես մի կտոր հաց ոչ ոքի չեմ խնայում,— շարունակեց պառավը, ավելի ու ավելի տաքանալով,— ուզում է, ամեն օր նրա համար կուղարկեմ կերակուրներ էլ, արաղ էլ, գինի էլ։ Թող իր տանը ինչքան ուզում է խմի, քեֆ անի, իսկ մեր տունն օղետուն չէ…

Հետևյալ օրը Սոնան, արտասուքն աչքերին, սկեսուրի