Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/294

Այս էջը սրբագրված է

նախատինքը հաղորդնց մորը և խնդրեց համոզել Ոսկանին, որ նա խնայի իր պատիվը։

— Մենակ սկեսո՞ւրդ է նախատում, թե մարդդ էլ — հարցրեց հացթուխը։

— Չէ,— պատասխանեց Սոնան,— մարդս ոչինչ չի էլ իմանում։ Եթե իմանա, մոր հետ կկռվի։ Ես էլ չեմ ուզում ասել, ինչո՞ւ մեր խաթրու մայր ու որդի թշնամանան։

Նույն օրը երեկոյան հացթուխի և պայտագործի մեջ տեղի ունեցավ մի խոշոր վեճ։ Կինն ասում էր, թե ամոթ է ամեն օր խնամիներին ձանձրացնելը, թե նրա պատճառով Սոնան է նախատինք ստանում։ Մարդը չէր հավատում, որ խնամիները ընդդեմ են նրա այցելություններին։ Նրա կարծիքով, ընդհակառակը, այդ «բռի շինականները» շատ ուրախ են, որ Ոսկանի պես մի պատվավոր քաղաքացի արժանի է համարում նրանց տունը ոտ դնել։

― Սոնայի հնարածն է, ես գիտեմ, այ ես նրա… — գոչեց պայտագործը, մի քանի կոպիտ հիշոցներ ուղղելով աղջկա հասցեին։— Ախր հիմա ունևոր մարդու կնիկ է, ամաչում է մրոտ ձեռներիցս։ Լա՛վ, ինչ ուզում է, թող անի, մենք էլ մեր խելքի կտրածը կանենք։ Հենց էգուց կբռնեմ բազարում նրա մարդուն ու հարցուփորձ կանեմ։ Ինձ Պուլուզանց Ոսկան կասեն։ Եթե Մուրադն ասի, որ չի ուզում ինձ իր տանը տեսնել, լախտակ կթքեմ նրա երեսին։ Աստված, երկինք վկա, պատվավոր մարդկանց մոտ կթքեմ ու հավիտյանս հավիտենից ամեն․ է՛լ ոտ չեմ դնիլ նրա շեմքը…

Զուր հացթուխն ասաց, թե Սոնան մեղավոր չէ, թե Մուրադին ոչինչ հայտնի չէ և չպիտի հայտնել։ Պայտագործը կատաղած կրկնում էր.

— Չէ, չէ ու չէ, հենց Մուրադի բկից պետք է կպչեմ․ ես Չորթանի կամ Չոփուռի կնկանը չեմ տվել աղջկաս…

Նա իր ասածը կատարեց։ Մյուս օրն ևեթ շուկայում հանդիպեց Մուրադին ու սկսեց պարզապես նախատել նրան։ Փիյե՛, այդ ի՞նչ նոր կարգ ու կանոն են Խբերել քաղաք «շինականները»։ Տեսնված բա՞ն է, որ փեսան աներոջն իր տնից փախցնի, այն էլ մեղրամիսը չլրացած։