նախատել է Սոնային, անմիջապես գնաց պառավի մոտ և սկսեց վրդովված հանդիմանել նրան։
— Առաջին և վերջին անգամն եմ ասում,— ավարտեց նա խոսքը գրական եղանակով,— եթե մեկ էլ իմ կնոջ երեսին խոսել եք, կվերցնեմ նրան, դուրս կգամ այս տնից ու ջոկ կապրեմ։
Խնդիրը քանի գնում` բարդանում էր։ Պառավ Զառնիշանը վախեցավ որդու սպառնալիքից և ավելի սուր ատելություն զգաց դեպի Սոնան։ Տեսեք, տեսեք այդ հացթուխի աղջկան. մի ամիս չկա ոտք է դրել այս տունը և արդեն ուզում է որդուն բաժանել մորից, եղբորը — եղբորից։ Չէ, պետք է այդ անկապի կապը քաշել, որ շատ էլ ձին չափ չտա։
— Համբերիր, համբերիր,— ասում էր Գյուլնազը պառավին գրգռելու համար, դա կծիկի ճոնդն է, տես վերջն ինչ կլինի։ Աչքերս կհանեմ շներին կգցեմ, եթե այդ խլեզն ինձ էլ չբաժանի իմ մարդուց։
Հարս ու սկեսուր սկսեցին խորհրդակցել իրանց անելիքի մասին։ Խնդիրը շատ կարևոր էր։ Եթե Մուրադը շարունակեր կնոջ կողմը բռնել, հետևանքը կարող էր վատ լիներ։ Բանն այն է, որ առևտրական գործերը գլխավորապես Մուրադի ձեռքումն էին կենտրոնացած։ Նա գիտեր գրել-կարդալ, հաշիվներ պահել, իսկ Կարապետը մի անգրագետ մարդ էր, շատ անգամ չէր իմանում, ումից ինչքան ստանալիք ունի, կամ ում ինչքան է պարտ։ Ինքը Կարապետը շատ լավ էր զգում եղբոր արժեքը և շատ անգամ խոստովանում էր, որ առանց նրա - ինքը «կոպեկ չարժե»։ Նա վշտացավ, երբ կնոջից լսեց, թե Մուրադը սպառնում է բաժանվել և առանձին ապրել, եթե նրա կնոջ ու աներոջ հետ լավ չեն վարվիլ։ Իսկապես Կարապետը շատ էլ դեմ չէր պայտագործին և ոչ էլ որևէ ատելություն էր զգում դեպի նրա աղջիկը։ Բայց Գյուլնազը համոզել էր նրան, որ Սոնան ընտանիքի մեջ խլրտումներ է գցում, ուստի նա էլ լարվել էր նորահարսի դեմ։
Այդպիսով Սոնայի դեմ կազմվեց մի եռանձնյա դաշնակցություն։ Շուտով նա զգաց իր վիճակի փափկությունը։