Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/30

Այս էջը սրբագրված է

Սա Բարխուդարի որդի Սմբատն էր։


— Սուսանին էլ դուրս բերեցին հողի տակից, Սեյրանին էլ, սաղ սալամաթ են։ Մի քիլ Սեյրանի գլուխը արնվել է, ինքը լաց չի իլում, ասում է, չի ցավում, ծիծաղում է։


— Բաս մե՞րդ, Մարիամ բաջի՞դ, սաղ սալամա՞թ են, —՚ հարցրեց Հայրապետը։


— Չիմ, չիմ սաղ սալամաթ են։ Մարիամ բաջին ինձ ասեց, որ վազ տամ ու ձեզանից խաբար իմանամ։ Շուտ հասեք, նրանք նիգարան են, դրսում հավաքված լաց են լինում։


Փողոցում նրանք հանդիպեցին Գյուլնազին և Մարիամ բաջուն։ Մարիամ բաջին, տեսնելով յուր ամուսնուն կենդանի և անվնաս, չկարողացավ զսպել յուր ուրախությունը։ Նա վազեց առաջ և ուզում էր փաթաթվել Հայրապետի վզովը, բայց հանկարծ մտաբերեց, որ փոզոցումն է և ետ քաշվեց։ Իսկ ամոթխած Գյուլնազը ուրախության արտաքին ոչինչ նշան չցույց տվավ։


— Սաղ սալամաթ են,— խոսեց վերշապես Մարիամ բաջին,— Սեյրանս ու Սուսանս ազատվեցին, օղորմի մեր հարևանների մեռելներին, նրանք մեզ ձեռք հասցրին, հանեցինք հողի տակից։


— Փառք աստուծո, փառք աստուծո,— ասացին միաբերան Բարխուդարն և Հայրապետը, իրանց երեսների քրտինքը սրբելով։


— Ամա տունս քանդվեց, Մարիամ ջան, զբընդ֊զբընդ կուժ ու կուլաս փշրվեցին։ Ո՛ւֆ, հենց կասես ոսկորներս էին փշրվում, հավատաս, մի հատ էլ սաղ չի մնացել։ Պիտի վազ տամ, տեսնեմ։


— Փիե՜, զահլա տարիր հո,— հանդիմանեց Բարխուդարը յուր հարևանին,— ինչ անշնորհակալ մարդ ես, մին երեսիդ խաչահանիր, որ մենք ամեններս սաղ սալամաթ ազատվել ենք։


Այս ասելով, Բարխուդարը մյուսների հետ շտապեց ներս։


Երկու հարևաններից ոչ մեկի տունը չէր քանդվել, միան բակի կողմից ցած պարիսպը փլատակվել էր կիսով չափ։