Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/307

Այս էջը հաստատված է

խոսակցում ամպերի հետ։ Նրա գզգզված միրուքը, որ այժմ բոլորովին ճերմակել էր, պղնձագույն դեմքին տալիս էր մի առանձին խորհրդավորություն։ Նա հիշեցնում էր այն ծերունի արևապաշտին, որ խորին հոգեզմայլության մեջ ձգտում է ըմբռնել իր աստծու էությունը։

Նա հանդարտ քայլերով մոտեցավ Մուրադին, երեք անգամ խաչակնքեց նրա երեսին։ Գավազանը հենեց պատին, մտավ սենյակ, բռնեց Սոնայի ձեռից, դուրս բերավ նրան պատշգամբ և կանգնեցրեց Մուրադի մոտ։ Մարդ ու կին տակավին լուռ էին և մի ինչ-որ աներևույթ ուժից դրդված, հետևում էին խենթի լուռ պատվերներին։ Նա մի ձեռքով բռնեց Մուրադի ձեռը, մյուսով Սոնայինը և ինքը կանգնեց մեջտեղ։

— Մտիկ արեք երկնքին,— արտասանեց նա հանդիսավոր եղանակով,— մտիկ արեք այն երկու կտորներին. մեկը սպիտակ, մյուսը վարդի գույնով։ Տե՛սեք, տեսեք, մոտենում են միմյանց։ Ասլան Դանելը բարձրացել էր սարի գլուխը, այնտեղից աչքերով փնտրում էր ձեր տունը։ Տեսավ այս ծառի գագաթը, ասաց. «Ա՛յ, Մանիշակը այնտեղ ընկավ հողի տակ»։ Սիրուն ճակատ ուներ, մոտեցա պաչեցի... Տեսեք Դանել ապորը, ոտները բաց, գլուխը բաց, աշխարհից ոչինչ չի ուզում։ Տեսե՛ք, ամպերը միացան, հիմա մի կտոր է։ Տուր ինձ ձեռդ, Մուրադ, տուր ինձ ձեռդ, Սոնա։ Ասլան Դանելը ասում է. «Սաթայելի բաժին կդառնա ձեզ միմյանցից բաժանողի հոգին…»։ Գիշերները չար երազներ եմ տեսնում։ Ինձ տանում են թուրքերի թաղը, որ շան պես խեղդեն։ Գավազանս խլում են։ Մանիշակս լաց է լինում, հաց է ուզում, խաղող է ուզում։ Տեսնում եմ Մանիշակիս հողի վրա ընկած, արևի տակ։ Վեր է թռչում, ասլան Դանելին ազատում է դահիճների ձեռից։ Մուրադ, Մուրադ, նրան սիրում էի աչքիս լույսի պես, սիրիր Սոնային, ասլան Դանելը խեղճ է, բալա չունի։ Տեր, մեղա քեզ, մեղա քեզ… Սոնա խաթուն, մի լաց լինիր, ասլան Դանելը զուլդ է։ Մուրադը քեզ անտեր չի թողնիլ։ Նա ընկած էր արևի տակ, երկու մեծ քարեր էին ընկել, մեկը կրծքին, մյուսը ճակատին:Նրան խլեցին ինձանից...