Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/31

Այս էջը սրբագրված է

Նույնպես մի քանի տեղերից ճաքճքվել էր փողոցի պարիսպը: Այս կողմից երկու հարևանները համեմատաբար բախտավոր էին, քան մյուս հարևանները, որոնցից շատերի տները կատարյալ ավերակ էին դարձել։


Բարխուդարը և Հայրապետը, տեղեկանալով Սուսանի և Սեյրանի մասին, շտապեցին իրանց ազգականների ու բարեկամների մոտ՝ «Հալ օվհալ» իմանալու։


Մի երկու ժամից հետո վերադարձան և հայտնեցին, թհ փառք աստուծո, ամենքը փրկված են, միայն այս ինչի գլուխն է քիչ ջարդվել, այն ինչի կուռն է դուրս ընկել և այլն։


— Ամա բանից երևում է, շատ մարդ է փչացել, ասում են մոտ հիսուն հոգի կա,— ավելացրեց Բարխուդարը։


— Ինչ հիսուն, սաղ քաղաքն է սուդի մեջ,— մեջ մտավ Հայրապետը։ Գնացի, Մարիամ ջան, դուքանս տեսա, մոխիր, մոխիր, հենց կասես, աման-չամաններս ձեռքով են փշրած։ Սաղերը ջոկեցի, ղրաղ դրի։ Դրուստ երկու հարյուր կուժ է մնացել, հարյուր կուլա, վեց կարաս, տասներկու խաշխաշի գավաթներ, է, մին էլ քսանութ գիլասարի աման, մնացածը «Հյուֆֆ», թո՛ղ:


III


Քաղաքը բավականին հանդարտվել էր, ցերեկվա խլացուցիչ աղմուկի, դղրդոցի փոխարեն այս ու այն կողմիերից լսվում էին լալու հանդարտ ձայներ: Իսկ քաղաքի հեռավոր մասերից, թրքերի թաղերից երբեմն-երբեմն բարձրանում էին ծնծղաների և թմբուկների հնչյուններ։ Կանանց, տղամարդկանց և երեխաների «շահ Հյուսեյին, վա՛հ Հյուսեյին» բացականչող ձայները, խառնվելով այդ հնչյունների հետ և տարածվելով խավար մթնոլորտի մեջ, մի տեսակ անբացատրելի զարհուրանք էին ազդում։


Սա թուրք դժբախտ ընտանիքներն էին, որոնք ողբում էին իրենց ազգականների հանկարծակի կորուստը։


Օդը բավական մաքրվել էր։ Փլատակված շինություններից բարձրացած փոշին նստել էր գետնին։ Երկինքը պարզ