թե Սոնայի աչքերում մի ինչ-որ սև բան է տեսնում, Մուրադը նրան թվամ է կախարդված։ Զառնիշանը հիացավ պարսկուհու գուշակությունից և ավելի հավատաց նրա գաղտնի զորությանը։ Պարսկուհին պատվիրեց մի ագռավ բռնել, գլխիվայր պահած խեղդել և թաղել բակի այն տեղում, ուր Մուրադը սովորաբար անցուդարձ է անում գիշերները։ Դա բժշկության նախերգանքն էր. բուն միջոցները պետք է գործադրվեին հետո։ Պարսկուհին մի շաբաթ ժամանակ խնդրեց այդ միջոցների մասին մտածելու և, մի կտոր թել կապելով Սոնայի ցուցամատին, հրամայեց չբացանել այդ թելը, մինչև մյուս անգամ գալը։
Մի ծանր բեռն էր թվում այն մի կտոր թելը։ Սնահավատությունը նրան թելադրում էր, թե այդ թելի կտորից է կախված նրա վիճակը։ Ամեն գիշեր նա տեսնում էր տարօրինակ երազներ, որոնց մեջ նրա ցուցամատը միշտ գլխավոր դեր էր կատարում։ Առավոտյան զարթնելիս նա իսկույն նայում էր ցուցամատին, կարծես, սպասելով մի որևէ հրաշքի։ Առանց այն էլ, գիշեր-ցերեկ հանգստություն չուներ, այժմ իրան զգում էր երկաթյա շղթայով կապկապված, և այդ շղթան դարձյալ մատի թելն էր։ Այժմ մահ էր ցանկանում, ինչպես ցանկանում էր մի ժամանակ իր ծնողների տանը։ Տեսնում էր ամուսնու լուռ տանջանքները, լսում էր նրա խուլ հառաչանքները և այն միտքը, որ ինքն է բոլորի պատճառը, մորմոքում էր նրա սիրտը։ Հիշում էր մորը և զգում, թե այժմ որքան է նա տանջվում։
- Ա՛ռ հոգիս, աստված, ա՛ռ,- շշնջում էին նրա շրթունքները առավոտ-երեկո։
Պատահեց մի անսպասելի փոփոխություն։ Մի առավոտ Մուրադը հանկարծ տնից դուրս եկավ և գնաց շուկա։ Տնեցիները ուրախացան. ուրեմն պարսկուհու միջոցները ազդում են։ Նույն օրը Կարապետը ասաց, որ Մուրադը այժմ սկսել է գործերով հետաքրքրվել։
Իսկությունն այն է, որ Մուրադը, տեսնելով իր մոր տանջանքը և եղբոր անհանգստությունը, փորձեց գործով զբաղվել, նրանց թախանձներից ազատվելու համար։ Այնուհետև ամեն օր դուրս էր գալիս։ Բայց տանը տակավին