Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/315

Այս էջը հաստատված է

նայում նրա աչքերի միջին։ Այդ հայացքը Սոնային հիշեցրեց դարձյալ օձային աչքերի ձգողական ուժը։ Դարձյալ հիվանդ երևակայությունը սկսեց բորբոքվել։ Նրա աչքերի առջև պատկերացան միմյանցից այլանդակ, անբնական և սոսկալի տեսարաններ։ Հանկարծ նրան թվաց, որ պարսկուհին չքացավ և նրա կանգնած տեղում բացվեց մի մթին անդունդ։ Սոնան քաշ էր ընկած այդ անդունդի վրա, օդի առանց որևէ նեցուկի։ Այդ տևեց ընդամենը մի վայրկյան, ապա ամեն ինչ ստացավ նրա աչքում սովորական տեսք։ Բայց նրա հոգին տակավին պատած էր մի տեսակ մառախուղով։ Նա անգիտակցաբար անցավ իր ննջարանը, դռները հետևից ծածկեց։ Բանի մի րոպե անցած, տնեցիները այնտեղից լսեցին մի ինչ-որ խուլ թրմփոցի ձայն։ Իսկույն դիմեցին այն կողմը։ Հատակի վրա թավալվել էր Սոնան և ցնցվում էր։ Պարսկուհին խոր-խոր նայեց նրան և գոչեց.

- Դևը, դևը...

Նա սկսեց կատաղի պտույտներ գործել ընկնավորի շուրջը։ Ապա պահանջեց մի սուր։ Պատի վրա քարշ արած էին Մուրադի զենքերը։ Գյուլնազը վերցրեց մի դաշույն և տվեց պարսկուհուն։ Պարսկուհին մերկացրեց դաշույնը, թքեց երեք անգամ նրա սայրերին և ծայրով հատակի վրա, ընկնավորի շուրջը, գծեց մի շրջան, արտասանելով.

— Յահուդի, ջհուդի, յահուդի, ջհուդի, այրել, խեղդել, հալած կուպրի մեջ գցել, խաշել, խաշել, խաշել…

Եթե Զառնիշանի սրտում կասկածի նշույլ մնացել էր կախարդուհու զորության մասին, չքացավ։ Պարսկուհին դաշույնը ցցեց հատակին և հրամայեց դռները փակել ու ընկնավորին թողնել մենակ։ Բոլորն անցան մյուս սենյակը։ Սոնան մնաց մենակ, հատակի վրա ընկած, երեսը դեպի լուսամուտը։

Մեկը լուսամուտի փեղկերը կամացուկ բաց արավ և մի ոստյունով թռավ ներս։ Նա չոքեց հիվանդի մոտ և գգվանքով ու ցավակցությամբ լի հայացքը ձգեց նրա երեսին։ Երբ ընկնավորը սթափվեց, նայեց շուրջը, չճանաչեց իր մոտ նստողին: