գլխին ձեռով խփեց։ Այլևս նա չէր վախենում Մուրադից։ Այնուհետև պառավի ձեռը սովորեց հարվածել։ Գյուլնազը շտապեց նրա օրինակին հետևելու։ Սոնան ընդունում էր այդ հարվածները լուռ ու մունջ և չէր ուզում առ այժմ այս մասին հայտնել իր ամուսնուն։ Բայց նա տանջվում էր, և տանջվում էր ոչ այնքան այդ հարվածներից, որքան կախարդուհու գործ դրած միջոցներից։ Իսկապես այդ միջոցները անմիջապես նրան չէին վերաբերվում, բայց այն միտքը, թե պառավ պարսկուհին վարձված է Մուրադին փրկելու ընկնավոր կնոջից, մթին ուրվականի պես գիշեր-ցերեկ հալածում էին Սոնային, պահելով նրան անընդհատ սարսափի մեջ։
—Ինձ տանջում են, չարչարում են,- ասաց նա մի անգամ միայն գիժ-Դանելին։
Խենթի աչքերն արյունով լցվեցին կատաղությունից։
—Ո՞վ է տանջում, ո՞վ,— գոչեց նա, գավազանը ձեռի մեջ սեղմելով։
Սոնան զղջաց իր գանգատի մասին և ետ վերցրեց իր խոսքը։ Գիտեր, որ խենթը պատրաստ է բոլորի գլուխը ջախջախել իր գավազանով։
— Քավթառ Ֆալշին ինչո՞ւ է գալիս այստեղ,- հարցրեց գիժ-Դանելը,- պատառ-պատառ կանեմ նրան...
Մի օր նա, փողոցում բռնելով պարսկուհու կոկորդից, սեղմեց նրան պատին և գոռաց.
— Դու ի՞նչ գործ ունիս այս տանը, հը՞մ, ասա՛, թե չէ — կխեղդեմ։
Բարեբախտաբար նույն միջոցին Մուրադը տուն Էր վերադառնում, կախարդուհուն ազատեց խենթի ձեռից։ Պարսկուհին կատաղած մտավ Զառնիշանի մոտ, գանգատվեց, որ «դևերը» նրան քիչ էր մնում խեղդեին փողոցում և ասաց, թե այլևս չի կարող Մուրադի բժշկությունով զբաղվել: Զառնիշանը աղերսեց նրան անօգնական չթողնել իր որդուն։
Այն ժամանակ պարսկուհին պահանջեց մի գավաթ ջուր և հմայեց։ Ձեռները հենած գավաթի եզրին, աչքերն հառել էր առաստաղին և ինքն իրան շշնջում էր։ Նա մտքում խոսում էր դևերի հետ, կամենալով թափանցել նրանց գաղտնիքը