Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/33

Այս էջը սրբագրված է

Եվ Բարխուդարը մյուս օրը, մի կերպ հաշիվը վերջացնելով «սուխարի» Սարգսի հետ, Հայրապետի օձիքը ազատում էր նրա ձեռքից։


Այս սերտ բարեկամության շնորհիվ շատ հազիվ էր պատահում, որ երկու ընտանիքները նեղ դրության մեջ մնային։


— Ունայնություն ունայնությանը, այսօր բազումն ենք, վաղը հողումը,— կրկնում էր Բարխուդարը ստեպ֊ստեպ։


Մյուս հարևանները, տեսնելով Բարխուդարի և Հայրապետի այս բարեկամությունը, զարմանում էին, մանավանդ նրանք, որոնք ավելի մոտիկ էին ծանոթ երկու հարևանների բնավորությանը։ Այսպիսիների համար հանելուկ էր, արդյոք ինչն է նպաստում Հայրապետի և Բարխուդարի այդչափ սերտ բարեկամությանը։ Նրանք երկար միջոց իրարու հետ վիճաբանում էին այս մասին։ Վերջ ի վերջո, իրանց կարծիքով, մի կերպ իբրև թե հանելուկը բացատրեցին։


Առաջ Հայրապետի ու Բարխուդարի հարևանները այսպես էին դատում։


— Տանձ ու խնձոր մի ծառի վրա ո'վ է տեսել։ Ախար մինը կրակի կտոր գայլ է, մյուսը գլուխը բոշ֊ոչխար, յարաբ ի՞նչպես են իրարու աչքը մտել։


Իսկ հետո, երբ, իրանց կարծիքով, գաղտնիքը իմացան, այսպես էին դատում.


— Մինը էշ է, մյուսը փալան։


Այսպես թե այնպես, Հայրապետը և Բարխուդարը բարեկամներ էին, և այս բարեկամությունը իրավունք էր տալիս նրանց ընտանիքներին միասին գիշերելու։


Բարխուդարը նստած էր փափուկ մինդարներից մեկի վրա։ Նա, մի կուռը բարձին հենած, մյուս ձեռով երկայն ու բարակ չիբուխը բռնած, մտածողության մեջ թաղված, ծխում էր։ Դաղստանի դառն Թամբաքուի ծուխը, քուլա-քուլա դուրս սրընթալով նրա հաստ բեղերի տակից, ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր խաղաղ օդի մեջ։ Ամեն անգամ ծխի քուլաները բերանից դուրս արձակելու ժամանակ, Բարխուդարը գլուխը բարձրացնում էր վեր և, կրկին ղած ձգելով, «չըրթ» թքում գետնին։ Հայրապետը նստած էր նրա