Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/331

Այս էջը հաստատված է

պարզ ու որոշ, նկարված հակնթագույն երկնակամարի վրա։ Անցել էր կես ժամ այրի Նատալիայի դուրս գնալուց։ Ռոստամյանը նոր խորասուզվել էր յուր գործի մեջ։ Հանկարծ լսվեց փողոցային դռների զանգակի ձայնը։ Ակզբում Ռոստամյանը ուշադրություն չդարձրեց, բայց երբ ձայնը մի քանի անգամ կրկնվեց, տրտնջալով դուրս եկավ և մուգ-կարմրագույն փայտաշեն մաքուր սանդուղքով ցած իջավ։ Նա բաց արավ դռներն և պատրաստ էր բարկացած արտասանել․ «ի՞նչ եք կամենում», երբ նրա առջև բացվեց մի պատկառելի պատկեր։ Նա, փոխանակ կոշտ հարցը տալու, հարգանքով հետ քաշվեց։

Դա մի բարեդեմ ծերունի էր, ալեխառն մազերով ու միրուքով, հագնված խիստ մաքուր և հարուստ։ Մի ձեռով հենված ձեռնափայտի վրա, մյուս թևի տակ նա սեղմած ուներ բազուկը մի երիտասարդ կնոջ, որի դեմքը կիսով չափ ծածկված էր նուրբ կինեմոնագույն շղարշով։

— Ասացեք, խնդրեմ, այստե՞ղ են բնակարան վարձով տալիս,— հարցրեց ծերունին դուրեկան ձայնով և քաղաքավարի կերպով գլխարկի ծայրը քիչ շարժեց։

— Այո,— պատասխանեց Ռոստամյանը, նույնպես գլուխ տալով։

— Կարելի՞ է տեսնել։

— Բարեհաճեցե՛ք։

Նա մի կողմ քաշվեց, որ ճանապարհ տա ծերունի տղամարդուն և երիտասարդ կնոջը։

Բնակարանը գտնվում էր պատշգամբի մյուս կողմում, ուղիղ Ռոստամյանի բնակարանի դեմ ու դեմ։ Երեք ամիս էր, որ նա դատարկ էր, և այս երեք ամսվա ընթացքում, գրեթե ամեն օր այրի Նատալիան Ռոստամյանին խնդրում էր վարձողներ գտնել։ Տունը սեփական էր և մնացել էր այրիի հանգուցյալ ամուսնուց, իբրև միակ ժառանգություն։ Մայր ու որդի ապրում էին այդ տան եկամուտով։ Ներքին հարկը վարձած էր մի ռուս պաշտոնյայի ընտանիք, վերին հարկի կես մասի երկու սենյակներում բնակվում էր ինքն այրին, իսկ մյուս երկուսում՝ Ռոստամյանը։ Դատարկ բնակարանը