Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/334

Այս էջը հաստատված է

Հյուրանոցում երկար բնակվել անհնարին է, մանավանդ այստեղի հյուրանոցներում։ Իսկ դուք այս տան տե՞րն եք։

— Ոչ, կենող եմ։

— Ձեր ազգանո՞ւնը։

— Ռոստամյան։

— Մեզ հարկավոր է ծանոթանալ միմյանց հետ,— ասաց ծերուհին, Ռոստոմյանի ձեռը սեղմելով. — Մինաս Կիրիլլիչ Քիրիշչև… սա էլ իմ աղջիկն է, Վարվառա Մինաևնա։

Դուրս գալու ժամանակ երիտասարդ կինը մի անգամ ևս լուսամուտից. հայացք ձգեց դեպի քաղաքի հեռավոր շրջակայքն և արտասանեց.

— Ի՜նչ հրաշալի տեսարան է։

Ռոստամյանը լսեց նրա ծանր և երկար հոգոցը։ Երբեք նա մի կնոջ երեսին երկու անգամ միմյանց հետևից նայած չէր ո՛չ դրսում, ոչ մի տան մեջ, եթե երբևիցե նա գտնվել էր մի տան մեջ կանանց շրջանում։ Բայց այդ ավելի նիհար, քան թե գեր, սակավ ինչ գունատ թախծալի դեմքն, այդ խոշոր, տխրափայլ աչքերը մի քառորդ ժամ կաշկանդեցին նրա ուշադրությունը։ Գուցե պատճառն այն հետաքըրքիր հայացքներն էին, որոնց նա արժանացավ երիտասարդ կնոջ կողմից — չգիտեր։ Չգիտեր նույնպես, թե ինչու ծերունին և դուստրը դուրս գնալուց հետո, ինքը մի քանի րոպե անշարժ կանգնած էր փողոցի լուսամուտի առջև և նայում էր մոտակա եկեղեցու արծաթափայլ գմբեթին, որ պսպղում էր արևի ճառագայթների ներքո։

Վերադարձավ այրի Նատալիան։

— Էէ՜, Նատալիա Պետրովնա, ի՞նչ կտաք, որ մի ուրախալի լուր հայտնեմ ձեզ,— դարձավ Ռոստամյանը ուրախ դեմքով յուր տանտիրուհուն։

— Ով գիտե, վարձել են բնակարանը

— Հենց այդ է. ահա՝ կանխավճարը։

— Օ՞հ, փառք աստուծո… ապրի՛ս, ապրի՛ս որդի,— գոչեց Նատալիա Պետրովնան, կարմիր թղթադրամը ծալելով և գրպանը դնելով։— Ո՞վ վարձեց։

— Մի ծեր մարդ յուր աղջկա հետ։