Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/335

Այս էջը հաստատված է

— Երկու հոգի՞ միայն։

— Երկու էլ ծառա — մի աղախին և մի խոհարար։

— Իսկ և իսկ իմ ուզածն է։ Լա՞վ մարդիկ են։

— Աստված գիտե, գոնե դեմքով լավ երևացին ինձ։ Ահա անունները գրված են այս թղթի վրա։

Նատալիա Պետրովնան ուրախությունից պատրաստ էր գրկել և համբուրել Ռոստամյանին։ Բայց Ռոստամյանն, ինչևիցե, օտար էր, իսկ ինքը չնայելով յուր պատկառելի տարիքին, տակավին երիտասարդ էր համարում իրան։

Ճաշից հետո այրին անմիջապես հրամայեց ծառային վարձված բնակարանի լուսամուտներն ու հատակը լվանալ, պատերն ու առաստաղը մաքրել սարդի ոստայնից։ նա շտապեց յուր աղջկա մոտ, որ նրան հաղորդի ուրախալի լուրը, վերադարձավ և կրկին շնորհակալություն հայտնեց Ռոստամյանին։ Ամբողջ օրն այրին ուրախությունից ոտքի վրա էր։

Իսկ Ռոստամյանի առջև մերթ ընդ մերթ պատկերանում էին ծերունու պատկառելի և նրա դստեր տխուր դեմքերը։ Այդ անծանոթ անձինք ինչ-որ տարօրինակ և ախորժ տպավորություն էին գործել նրա վրա։ Երբեք մենակյաց յուր կյանքում տեսած չէր ծնողի ու զավակի այնքան ներդաշնակ և գրավիչ զույգ, որպես այդ նորեկները — հայր ու դուստր…

II

Առավոտը ծերունին եկավ և նախազգուշացրեց, թե պիտի տեղափոխվեն ճաշից հետո։ Նատալիա Պետրովնան նրան ընդունեց խիստ վայելուչ կերպով, քաղաքավարությամբ հրավիրեց ներս, ծանոթացավ և հուսադրեց, թե բնակարանն ամեն կողմից հավանելի կլինի նրան։

— Առաջին անա՞մն է ձեր Թիֆլիս գալը, — հարցրեց տանտիրուհին։

— Ո՛չ, մի քանի անդամ եղել եմ, բայց շատ վաղուց,— պատասխանեց ծերունին,— հազար ութ հարյուր յոթանասուն ու վեց թվականին, պատերազմից առաջ, ես այստեղ ցորեն էի գնում ռուսաց զորքերի համար։ Այն ժամանակ