Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/338

Այս էջը հաստատված է

մտել, նա յուր սեղանի մոտ կանգնած, մտիկ էր անում դեպի փողոց։ Հեռվից նրա ականջին հասավ մի ձայն — նախ ցածր, ապա աստիճանաբար բարձր ու բարձր։ Դեպի գավիթ նայող լուսամուտներից մեկը նա փոքր առաջ բացել էր, որ ներսում կուտակված ծխախոտի ծուխը դուրս գա։ Թարմ և բավական սառն իրիկնային օդի հետ սենյակի մշտական մռայլ ու լուռ մթնոլորտի մեջ տարածվեցին երգի հնչյուններ, որոնց նմանը նա չէր լսել մինչև այն օրն և, այո, չպիտի լսեր հավիտյան։ Երբ նա մանուկ էր, ամառային երեկոներն, յուր հայրենի նահապետական քաղաքի շրջակա այգիներում զբոսնելիս, արևի վերջին ճառագայթների տակ սիրում էր նստել թփերի ստվերում և լսել քաղցրաձայն թռչունների երգը։ Այլ բաների հետ նրա սրտի խորքում մի անջնջելի տպավորություն էր թողել և՛ այդ երգը որ, մերթ ընդ մերթ, անցյալը հիշելիս, զարթնում էր և յուր հետ զարթեցնում մանկության ուրախ և տխուր հիշատակներ։ Բայց այդ — անցյալին էր պատկանում։ Իսկ ա՞յժմ…

Նա զգուշությամբ, կարծես վախենալով, որ մի գուցե ձայնն ընդհատվի, ուշիկ քայլերով մոտեցավ լուսամուտին։ Երգը շարունակվում էր, մերթ բարձրանալով, մերթ իջնելով։ Երբեմն նա բոլորովին անլսելի էր դառնում, և այդ վայրկյաններին նրան փոխարինում էր նույն եղանակով, բայց ո՛չ նույն զգացմունքով դաշնամուրի ձայնը։

Գավթում ամեն ինչ խաղաղ էր, կարծես, երգը չխանգարելու համար։ Միայն մի քանի ճնճղուկներ տերևաթափ ակացիաների ճյուղերի վրա աղմկում էին։ Թվում էր Ռոստամյանին, որ նույնիսկ նրանց ճլվչոցները ներդաշնակություն են պահում դիմացի պատշգամբից լսվող անուշ երգի հետ։

Դադարեց երգը, լռեց դաշնամուրը, բայց նա, դեռ կանգնած լուսամուտի առջև, անթարթ աչքերով նայում էր դեմ ու դեմ։ Եվ սթափվեց նա այն վայրկյանին, երբ հայացքն ընկավ դիմացի լուսամուաին։ Նրա կասկածը փարատվեց։ Երգեցողը նա էր, այն ծերուհու երիտասարդ աղջիկը։ Տխրադեմ էակն երգում էր մի տխուր երգ։ Երկու խոշոր և թախծալի աչքեր մտիկ էին անում ուղիղ Ռոստամյանի երեսին,