Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/34

Այս էջը սրբագրված է

դեմ ու դեմ։ Այս մարդը նույնպես ինչ որ մտածմունքների մեջ էր, ինչպես այդ երևում էր նրա ճակատի կնճիռներից։ Երկայն տերողորմյայի սև ու խոշոր հատիկները, կանոնավոր կերպով պտույտ տալով նրա ձեռում, չխկչխկում էին միատեսակ ձայնով։ Կար մի տեսակ ներդաշնակություն այդ չխկչխկոցների և Բարխուդարի բերանից դուրս եկող ծխի քուլաների մեջ։


Սմբատը, մի կողմ քաշված, ճրագի առաջ ինչ որ գիրք էր թերթում։ Նրանից մի փոքր հեռու Մարիամ բաջին և Գյուլնազը, քիթ քթի տված, ընթրիքի պատրաստություն էին տեսնում, երբեմն իրարու հետ քչփչալով։ Սուսանը և Սեյրանը պառկած էին Բարխուդարի ձախ կողմում, ջոկ-ջոկ անկողինների մեջ։


Սեյրանի գլուխը և ձախ աչքը փաթաթված էին կարմիր թաշկինակով։ Սուսանը բոլորովին անվնաս էր պրծել։


Վտանգից փրկված մանուկները, իրարու դեմ պառկած, խոսակցում էին մի քանի ժամ առաջ իրանց գլխով անցած փորձանքի մասին։ Նրանք խոսում էին այնպիսի սառնասրտությամբ, որ կարող էր ամաչեցնել հասակավորներին։


— Ես հողի տակ չլսեցի կարմիր կովի ձայնը,— ասում էր Սեյրանը։


— Ես լսեցի. նա մին բառաչում էր, մին բառաչում էր, որ ջանս զարզանդում էր,— պատասխանեց Սուսանը։


— Ի՞նչպիսի կով էր. պոզեր ունե՞ր։


— Ուներ, ուներ, ամեն պոզը էն ծառի բոյի,— Սուսանը յուր փոքրիկ ձեռքով ցույց տվավ բակում գտնվող կանաչազարդ թթենին։


— Աչքեր էլ ունե՞ր,— կրկին հարցրեց Սեյրանը։


— Բաս, բաս, այ էսպես,— Սուսանր վերմակի տակից հանեց երկու ձեռները և, նրանց ծայրերը իրարու մոտեցնելով, կոներով մի շրջանակ կազմեց։


— Ես պոզերն էլ տեսա, գչուխն էլ տեսա, աչքերն էլ տեսա,— շարունակեց Սուսանը, չիմ տեսա, չիմ։ Սեյրան, նա րերանր բաց էր արել ու ինձ ասում էր. «Սուսան, Սուսան, ես քեզ կուլ կտամ, իմանո՞ւմ ես»։ Սեյրան, նրա բերանից, քթի տակերից, աչքերից մեն կրակ էր փչում, մին կրակ