Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/352

Այս էջը հաստատված է

Աղջիկը, հոր ոգևորությունից հուզված, աշխատում էր որսալ նրա հայացքը։ Այնինչ` հայրն ակնհայտ խույս էր տալիս նրա աչքերից, գլխավորապես յուր խոսքը դարձնելով Նատալիա Պետրովնային կամ Ռոստամյանին։

Հանկարծ Մինաս Կիրիլլիչը լռեց։ Հայր ու աղջիկ մի քանի վայրկյան նայեցին միմյանց երեսին — աղջիկը հանդիմանությամբ, հայրը մեղանչած մարդու դեմքով։ Ոչ ոք չհասկացավ այս լուռ նշանախոսության իմաստը։ Րոպեն խորհրդավոր էր, ամենքը լուռ էին. միայն Նատալիա Պետրովնան անդադար կրկնում էր.

— Ճշմարիտ եք խոսում, Մինաս Կիրիլլիչ:

Բայց Մինաս Կիրիլլիչն այլևս չէր համարձակվում շարունակել։ Նա լուռ ու տխուր ծխում էր, յուր ալեխառն ընչանցքի միջով բաց թողնելով դեպի վեր թանձր ծխի մոխրագույն սյունակներ, աչքերը հառած սեղանի մի կետին։

Այրին շուտով ընդհատեց լռությունը, պարզամտությամբ խոսակցությունը դարձնելով այլ առարկաների վրա։ Նա սկսեց պատմել յուր նախկին կենողների մասին զանազան հետաքրքրական եղելություններ։ Խոսելով ռուսերեն լեզվով վայրիվերո, բայց խիստ բնական եղանակով, նա պատմեց մի քանի զվարճալի դեպքեր, որ և ամենքին ստիպում էին ծիծաղել։ Ի միջի այլոց, նա չխնայեց և' Ռոստամյանին, ծաղրելով նրա մենակեցությունը և տարօրինակ սովորությունները։ Վարվառեն լսում էր հետաքրքրությամբ, ստեպ-ստեպ ժպտալով Ռոստամյանի երեսին։ Մի անգամ նա ծիծաղեց, երբ այրին անեկդոտի բովանդակությամբ պատմում էր, թե ինչպես «ճգնավորը» մի երեկո հրավիրված է լինում իր իշխանավորի մոտ։

— Իրիկունը լվացվեց, հագնվեց, ես էլ ասացի, էհ, փառք աստուծո, մի անգամ գոնե վճռեց մի տուն գնալ։ Դուրս եկավ, գնաց. տասը րոպե չանցած, մեկ էլ տեսնեմ հետ եկավ։ «Ի՞նչ կա, Ստեփան Գրիգորիչ»,— հարցնում եմ։ «Ոչինչ, ասում է, թաշկինակը չէի վերցրել եկել եմ, որ վերցնեմ»։ Լավ։ Թաշկինակը դրեց գրպանը, դուրս եկավ պատշգամբ, էլի ներս մտավ։ «Հը՛մ»,— հարցնում եմ։ «Վաղ է, ասում է, Նատալիա Պետրովնա, ամոթ է, որ այսպես վաղ