Երկար ժամանակ Ռոստամյանն այդ գիշեր չկարողացավ քնել։ Սեղանի վրա դրած կանթեղի լույսը տարածվում էր միմիայն ցիր ու ցան թափված ձեռագրերի վրա. Լուսամփոփը խանգարում էր լուսավորելու սենյակի մյուս անկյունները, բարձր առաստաղն և մեխակագույն պաստառով ծածկված պատերը։ Ռոստամյանը հավաքեց թղթերը, մի կողմ դարսեց. պարապելու ցանկություն չէր զգում, և բավական ուշ էր գործ սկսելու համար։ Ստեպ-ստեպ նա մոտենում էր պատուհաններին և նայում դեպի դուրս, թե դեպի փողոց և թե դեպի գավիթ։ Շոգու գոլորշիներով ծածկված ապակիների միջով նրա աչքերը դրսում նշմարում էին միայն մի թանձր խավար։ Եվ այդ անընդմեջ խավարի մեջ անգամ նրա աչքերի առջևից չէր հեռանում մի լուսավոր աստղ — Վարվառեի թախծալի պատկերը։
Ինչո՞ւ նա տխուր է, ի՞նչ մի դառն վիշտ է դրոշմել նրա ճակատի վրա այդ մռայլ ստվերը։ Ո’չ, ինչ ուզում է լինի, այդ օրիորդը մի հասարակ կին չէ. նա մի տարօրինակ էակ է, որ բնավ չի նմանվում մյուս կանանց։ Կա նրա մեջ ինչ-որ մի անհասկանալի բան, որ հասարակ մահկանացվի տեսողությամբ ըմբռնել անկարելի է: Որքա՞ն վեհություն, ազնվություն և, միևնույն ժամանակ, գրավիչ մի հրապույր են արտահայտում նրա ձայնը, շարժվածքը, նրա ամբողջ էությունը, անգամ նրա խորհրդավոր լռությունը։ Եվ որքա՞ն բարի և մեղմ տպավորություն է թողնում նա մարդու վրա, չնայելով յուր արտաքին սառնությանը. երբեք մի կնոջ ներկայությամբ Ռոստամյանն այնքան հոգեկան թեթևություն չի զգացել։
— Բայց այս ի՞նչ է, ինչո՞ւ չեմ կարողանում քնել,—ասաց նա, ընդհատելով յուր մտքերը,— կարծես թե սիրահարված պատանի եմ,— ավելացրեց նա, աշխատելով մտքում ծիծաղել յուր համեմատության վրա։
Իրավ, ինչո՞ւ նա այսքան հետաքրքրվում է այդ երիտասարդ կնոջով. մի՞թե արդարև, նա, որի սիրտը մինչև այժմ չի բաբախել կնոջ համար, կարող է գրավվել այսպես շուտ, գրեթե հանկարծակի, գրեթե հետը չխոսած։ «Հապա, ինչո՞ւ չէ. ի՞նչ զարմանալի բան կլիներ, եթե ես սիրահարվեի անգամ»: