Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/356

Այս էջը հաստատված է

— «Սիրահարվե՜լ»... կրկնեց Ռոստամյանը, հեգնությամբ ժպտալով... ո՛չ, ուշ է... անցել է ժամանակը։ Անցե՞լ է. մի՞թե երեսուն տարին տղամարդի համար կատարյալ մեռելություն է նշանակում։

Եվ այս հարցերը Ռոստամյանի մտքում զարթնելիս` բնականաբար մի հայացք ձգեց դեպի յուր անցյալը։

Ուշ գիշերը և հոգեկան տարօրինակ հուզումը մենակյացի առջև այդ — մինչև այժմ չի քննված — անցյալը պատկերացրին տխուր, դատարկ և մռայլ։ Նրա մանկությունն անցել է չքավորության լծի ներքո, պատանեկությունը ծնողների վաղահաս մահվան խորին դառնության մեջ։ Իսկ հետո՞… Ուսանողության սովատանջ օրեր, գիշեր ու ցերեկ հոգս մի փոր հացի համար, մտավոր աշխատանքի ներքո ճնշված, հեռու ուսանողների աղմկալի շրջաններից, հեռու հասարակությունից, հեռու մանավանդ կանանց սեռից կապված միմիայն գրքերի և դասախոսությունների հետ։ Հետո՞… Մի թեթև, կարճատև հեղաշրջումն, երբ նա ուսանողությունից անցնում է բուն կյանքի սահմանը։ Այնուհետև մի տարի ու կես անխոնջ ուսուցչի չոր ու ցամաք պարապմունք, ուղեղները մանկավարժական կանոններով ցանցոտված վարժապետների սահմանափակ շրջան։ Այնուհետև պաշտոնական մի զբաղմունք... Եվ բոլորը միատեսակ, ձանձրալի տարիների մի շարք, երբ այս օրը նման է երեկվան, վաղն` այսօրվան։

Ինչո՞ւ մինչև այժմ այս հասարակ խորհրդածությունները չէին պաշարում նրա միտքը։ Ինչո՞ւ այս համր ինքնասպանության մեջ մի օր, մի ժամ նա չզգաց, թե, արդարև, Նատալիա Պետրովնայի փիլիսոփայությունը ճիշտ է. «մարդ մի անդամ է ծնվում, ո՛չ թե երկու անգամ»։ Ինչո՞ւ նա գոհ էր յուր աշխատավոր կյանքի խաբուսիկ օգտավետությամբ։

Օգտավետություն... Ումի՞ համար է արդյոք օգտավետ նրա կյանքը, ինչո՞ւ համար է նա տքնում գիշեր ու ցերեկ, ո՞ւմ ինչ օգուտ նրա պաշտոնական չոր ու ցամաք շարադրություններից։ Այնինչ` նա որքա՞ն արյուն է փչացրել և տակավին փչացնում է այդ բոլորի վրա։

Անկասկած, նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ ճակատագրի մի խաղալիք, բնության կատակներից մեկն, ուրիշներին