Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/357

Այս էջը հաստատված է

զվարճացնելու համար ստեղծված մի մեքենա։ Դարձյալ ոչինչ, եթե այդ մեքենան գործեր մի հարատև փառքի համար, մի փառք, որ նրա անունը լսելի դարձներ գեթ կենդանության միջոցին... Բայց նա մի հասարակ մշակ է և ուրիշ ոչինչ...

— Այո՛, այլևս ուշ է այս մասին մտածել,— ասաց նա լսելի ձայնով, կանթեղի առջև կանգնած։

Սակայն ինչո՞ւ հուսահատվել։ Եթե, իրավ, անցել է նրա կյանքի պահը, ապա ինչո՞ւ այս զգացմունքները խավար գիշերվա մեջ խորտակում են նրա քունը։ Ոչ, տակավին վաղ է հուսահատվել։ Տակավին ժամանակ կա անձնատուր լինելու կյանքի երջանիկ հոսանքին։ Թող նա սկսի յուր հասակի այն շրջանում, երբ ուրիշներն ավարտում են, փույթ չէ, միայն թե կարողանա սկսել։ Թող նա հանրության մեջ դառնա մի աննշան հյուլե, թող կյանքի փոթորկի մեջ մի փոքրիկ կոհակի գեր կատարի, միայն թե իմանա, որ ապրում է, շնչում է, զգում է և ոչ թմրում, որպես մի սառնարյուն որդ ծառի խոնավ արմատի մեջ...

IV

Հետևյալ օր Ռոստամյանը, թեյ խմելուց հետո, յուր սովորությամբ, անմիջապես նստեց սեղանի մոտ, որ պարապի։ Առաջին ժամը նա աշխատեց սովորական եռանդով։ Նա թերթում էր այս ու այն ձեռագիրը, ժողովում էր յուր առջև դրած փոքրիկ թերթիկներն, ուր մանր տառերով գրված էին ինչ ինչ հաշիվներ, գումարում էր համարակալի վրա և գրում ձեռքի տակ դրած հաստ ձեռագրի մեջ։ Մի խոսքով, նա շտապում էր առաջ տանել իրան հանձնված աշխատությունը, որ պիտի ավարտեր մինչև հաջորդ ամսի վերջը։ Բայց անցավ առաջին ժամը. նա զգաց մի անսովոր հոգնածություն, գրիչը շպրտեց մի կողմ, ծխախոտ վառեց և սկսեց հետ ու առաջ շրջել։ Նա կրկին կորցրեց յուր մտքերի թելը, նրա գլխում զարթնեցին նախընթաց գիշերվա հիշողություններն և, փոխանակ գործի, անձնատուր եղավ այդ հիշողություններին։

Դարձյալ Վարվառեի տխուր և լուրջ կերպարանքը