Մինչդեռ երիտասարդը ցանկանում էր որսալ նրա հայացքը. արդյոք, այն միևնույնն է, ինչ որ նախընթաց երեկո, ինչ որ երեկ ու անցյալ օրերը։ Աղախինը սենյակները սրբեց, վերջացրեց։ Վարվառեն գնաց ներս։
Ռոստամյանը դարձյալ նստեց սեղանի մոտ։ Սակայն ահա գրիչը նրա ձեռքում առաջ չի շարժվում. նրա աչքերը նայում են թղթին, իսկ միտքը թափառում է սենյակից դուրս: Մի անգամ ևս մոտենալով լուսամուտին, նա երես առ երես հանդիպեց խորհրդավոր էակի որոնող հայացքին։ Ո՞ւմ է որոնում, ի'նչ է ուզում, ծաղրո՞ւմ է արդյոք խեղճ մենակյացին, կամենում է արդյոք, յուր կանացի քմահաճության զվարճալի՞ք դարձնել, ծիծաղել նրա թուլության վրա՞։ Ո՛չ, անկարելի է, որ այդ խոհուն աչքերի և տխուր դեմքի տեր էակը կամենա մեկին ծաղրել կամ խաղալիք դարձնել։ Նա բարձր է մարդկային այդ անվայել զգացումներից։
Ճաշի ժամանակը մոտեցավ. Ռոստամյանը գրեթե ոչինչ չէր ավելացրել յուր աշխատությանը, սկսած տասը ժամից։ Պետրեն երկու անգամ ներս մտավ, հրավիրեց, բայց նա տակավին ախորժակ չուներ։
Վաղուց Վարվառեն չէր երևում, իսկ նա դեռ արձանացած էր յուր լուսամուտի առջև։
— Ստեփան Գրիգորիչ, ծոմ խոմ չե՞ք պահում այսօր,—լսեց Ռոստամյանը հանկարծ, երեսը հետ դարձրեց և կարմրեց:
— Կերակուրը պաղում է, գնա'նք,— հրավիրեց Նա տալիա Պետրովնան։
Հակառակ սովորականին, ճաշի ժամանակ Ռոստամյանն երեք բաժակ գինի խմեց, և այս անսովոր քանակությունն յուր ազդեցությունն ունեցավ։ Նա սկսեց զվարճախոսել յուր տանտիրուհու հետ, որով և մեծ զարմանք պատճառեց վերջինին։ Մի անգամ նա հանկարծ սկսեց բարձրաձայն ծիծաղել, նայելով կերակուրներ մատուցանող ծառայի հետևից։
— Հըմ, ի՞նչ կա,— հարցրեց Նատալիա Պետրովնան ավելի ու ավելի զարմանալով։
— Պետրեն այսօր աչքիս ծիծաղելի է երևում,