Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/361

Այս էջը հաստատված է

Երեկոյան Ռոստամյանը դուրս գնաց փոքր ինչ զբոսնելու։ Շատ չանցավ, նա վերադարձավ, տխուր մտածության մեջ։

Այսպես անցավ երեք-չորս օր։ Այլևս Ռոստամյանը նախկին եռանդով և համբերատարությամբ աշխատել չէր կարողանում։ Մի անհաղթելի ցանկություն էր զգում նա մեկի հետ մտերմաբար խոսելու, մեկին յուր զգացմունքներն արտահայտելու։ Գուցե թեթևացներ սրտի անորոշ ծանրությունը։ Այլևս մանկությունը նրան թվում էր տխուր, անտանելի, նույնիսկ ամոթալի։ Սակայն ո՞ւր գնար, ո՞րտեղ գտներ մի մտերիմ ընկեր, քանի որ ամենքից հեռացած, չուներ ոչ ոքի հետ սրտակից հարաբերություն, բառիս ընդարձակ նշանակությամբ։ Կային Թիֆլիսում նրա նախկին ուսումնակիցներից ոմանք, բայց, բացի ուսանողական «դու»-ից, նրանց հետ այլ սերտություն չուներ նա։ Կկամենար նա գեթ Նատալիա Պետրովնայի հետ խոսակցությամբ անցկացնել յուր ձանձրալի երեկոների մի մասը։ Բայց, անհասկանալի բան, Նատալիա Պետրովնան ևս առաջվանը չէր։ Այրին փոխվել էր, ծածկամիտ և սակավախոս էր դարձել, մանավանդ յուր նոր կենողների վերաբերմամբ։

Առավոտ ու երեկո դիմացի լուսամուտներում երևում էր Վարվառեն միևնույն տխուր դեմքով։ Երբեմն նա խաղում էր, դաշնամուրի վրա, երբեմն դուրս էր գալիս պատշգամբ, երբեմն գրքեր էր կարդում, իսկ տնից դուրս էր գալիս շատ սակավ, այն ևս հոր ուղեկցությամբ և միայն երեկոները։

Մի բավական տաք երեկո ծերունին, յուր աղջկա հետ թև թևի տված, դուրս եկավ տնից։ Ռոստամյանին մի ներքին ուժ դրդեց հետևել նրանց: Նա շտապով հագնվեց և դուրս եկավ։ Հայր ու աղջիկ դիմեցին դեպի Գալավինսկի պրոսպեկտ։ Մի քանի քայլ հեռվից Ռոստամյանը հետևում էր նրանց։ Անցորդներն ուշադրությամբ մտիկ էին անում նրանց վրա։ Ծերունու պատկառելի դեմքը, Վարվառեի հպարտ և ինքնավստահ քայլվածքը ամենքի աչքում մի խորհրդավորություն էին տալիս անծանոթ զույգին։ Երիտասարդ զբոսնողներից ոմանք, միմյանց բոթելով, ցույց էին, տալիս այդ զույգի վրա։