Նա մի քանի հարուստ երիտասարդների անուններ է հիշում։ Վարվառեն ոչ մեկին չի հավանում։ Վերջը Մինաս Կիրիլլիչը կանգնում է, թե Մոսկվայում ապրող հաշտարախանցի ծեր Միզանդրոնցովն յուր եղբոր որդու համար առաջարկություն է անում, թե Վարվառեն չպիտի մերժի, թե Միզանդրոնցովն ինքը ընտանետեր չէ, թե եղբոր որդին նրա հարստության միակ ժառանգն է և այլն, և այլն։ Մի օր մի ընտանիքում Վարվառեին ծանոթացնում են երիտասարդ Միզանդրոնցովի հետ։ Այն օրից սկսած այդ երիտասարդն ընկնում է Վարվառեի հետևից։ Որտեղ գնում է խեղճ աղջիկը, նրան է հանդիպում- թատրոններում, հանդեսներում, այգիներում։ Մի խոսքով, այդ մարդը շվաքի նման հետևում է նրան։ Մի օր նա յուր սերը հայտնում է Վարվառեին։ Վարվառեն մերժում է, պատասխանելով, թե առայժմ ամուսնանալու ցանկություն չունի։ Միզանդրոնցովը չի հուսահատվում, իսկ Մինաս Կիրիլլիչը նրան ընդունում է գրկաբաց, ինչպես արդեն մի նշանված փեսացվի։ Վերջը Վարվառեն ուշադրություն է դարձնում Միզանդրոնցովի վրա։
— Խոմ խեղճ աղջիկը չէր կարող աչքերը կապել, որ յուր շվաքը չտեսնի,— շարունակեց այրին։— Կնիկը, Ստեփան Գրիգորիչ, շուտ է խաբվում, ևս առավել ջահիլ աղջիկը։ Հոր գովասանքն, աղաչանքն ու պաղատանքը — ա՛յ պետք է անպատճառ նրան գնաս, ա՛յ հարուստ ժառանգություն է ստանալու, ա՛յ ջահել է, ուսում առած է, գրանիցումն է եղել, ա՛յ եթե չես գնալ, սիրտս կկոտրես, մինչև գերեզման հետդ չեմ խոսիլ, ձեռք կվերցնեմ, խեղճ եմ, համ հայրդ եմ, համ մայրդ, ինձ լսիր, դես-դեն — Վերջը Վարվառեին խելքից հանում է մարդը։ Գիտե՞ք, Ստեփան Գրիգորիչ, որ անձրևն, եթե շարունակ միևնույն տեղը կաթի ու կաթի — վերջը քարին էլ կծակի։ Մի տարի ու կես հայրն աղաչում է ու պաղատում — գնա՛, գնա՛, վերջը խեղճ աղջիկը, գլուխն ազատելու համար, գնում է Միզանդրոնցովին, որին «ոչ սիրում էի, ոչ էլ ատում», ասում է Վարվառեն։
— Հետո՞,— ստիպեց Ռոստամյանն, ավելի ու ավելի համբերությունը կորցնելով։
— Հետո, Ստեփան Գրիգորիչ, չնեղանաք, որ ասեմ թե