Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/370

Այս էջը հաստատված է

էլ նկատում է, որ Մինաս Կիրիլլիչը օրեցօր պաղում է դեպի փեսան, տեսնվելիս - առաջվա պես սիրով չի ընդունում նրան։ Բանը բոլորովին պարզվում է։ Միզանդրոնցովի փողերը գնում են ջրի պես։ Վարվառեն յուր ցավր հայտնում է հորը։ Հայրն այնպես է ցույց տալիս, թե չի հավատում, բայց ո՜ւր... ամբողջ քաղաքին է հայտնի լինում Միզանդրոնցովի արարքը: Իսկ Միզանդրոնցովը շարունակում է Վարվառեի մոտ երդվել, որ սիրում է, պաշտում է և այլն…

—Ա՜խ Ստեփան Գրիգորիչ,- գոչեց Նատալիա Պետրովնան, գլուխը դառնությամբ շարժելով,— քանի-քանի մարդիկ կան հենց մեր Թիֆլիսումն է, որ տանը համբուրում են իրանց կանանց ձեռը, իսկ դրսում անառակների ոտը։

Վարվառեն մի օր կանգնում է և յուր մարդու երեսին ասում. «Ակիմ, կամ արարմունքդ թող, կամ ինձ»։ Մարդը մեղա է գալիս, բայց շարունակում է յուր անառակությունները։ Վարվառեն էլի խնդրում է, չի լինում։ Մի անգամ նա կառքով գնալիս է լինում յուր ազգականներից մեկի մոտ, հանկարծ տեսնում է, որ Ակիմը մեկ ռուս դերասանուհու հետ կառքով անցնում է…

—Կնիկը համբերող է, Ստեփան Գրիգորիչ,- գոչեց այրին, ձայնը բարձրացնելով,- բայց էլի մարդ է, աստված չէ։ Վարվառեն կառքը քշել է տալիս ուղիղ յուր հոր տունը։ «Կամ սպանիր ինձ, կամ թող, որ քեզ հետ ապրեմ», ասում է։ «Վարվառե, խելքի եկ»։ Չի լինում. ո՛չ հոր աղաչանքը, ո՛չ մարդու նոր մեղա գալը - չեն օգնում։

Մի ամիս անցած, Միզանդրոնցովը Մոսկվայից անհետանում է։ Բոլոր ծանոթները սկսում են խոսել, որ նա «մի դերասանուհու հետ փախել է Օդեսա»։ Մի փոքր ժամանակից հետո, Վարվառեն նամակ է ստանում նրանից հազար ու մի սատանայություններով լի։ Նա գրում է, թե մեղավորը Վարվառեն է, որ խայտառակեց նրա անունը, թե այլևս նա չի կարող Մոսկվայում երևալ, թե Վարվառեն,- եթե ուզում է, թող ինքը գնա նրա մոտ և այլն, և այլն։ Քաղաքում երկար բամբասում են. հարցնում են Մինաս Կիրիլլիչին, նա հարցնողներից գլուխ է փախցնում։ Վարվառեն գիշեր ու ցերեկ տնից չի դուրս գալիս. օրից-օր բաները վատանում են։