Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/38

Այս էջը սրբագրված է

արևը վկա կսիրեմ. թող մին ազատվենք, թող մինիկ մամիս երեսը տեսնեմ»։


— Էս որ ասեց, էլի լաց իլավ, ես էլ լաց իլա, երկուսներս էլ ձեն ձենի տվինք ու լաց իլանք: Իմ խեղճս գալիս էր Սուսանին… հետո, հետո ի՞նչ իլավ, հա չեմ ասիլ։


Սեյրանը, վերջին խոսքերը ասելով, գլուխը ցած թեքեց ե սկսեց ամոթխածությամբ աչքերի տակով նայել Սուսանին։ Նրա ականջները և երեսը կարմրեցին։ Սուսանը աչքերը պլշած, ուշադրությամբ լսում էր նրան։


— Հետո, ի՞նչ իլավ,— հարցրեց Հայրապետը, ձեռքերով շոյելով Սեյրանի գլուխը։


— Հետո ես, դռնի տակից ձեռներս մեկնեցի, ղուջ արի ու պաչեցի, էլ նրանից հետո ինչ իլավ, ինչ չիլավ, միտս չի։


— Ո՞ւմին պաչեցիր։


— Սուսանին։


— Այ, ղոչաղ,— բացականչեց Հայրապետը, աջ ձեռը դնելով յուր որդու ուսին և ուղիղ նայելով նրա աչքերին։


— Սուտ, սուտ, սուտ է ասում, նա ինձ չի պաչել մեջ մտավ Սուսանը, որի գեղեցիկ թշերը, որ առանց այն էլ կարմիր էին, Սեյրանի խոսքերից հետո, վարդի գույն ստացան։


— Դու ես սուտ ասում, պաչել եմ, միտդ չի։


— Լավ է, լավ, մի հրսոտվի, Սուսի ջան, ինչ անենք որ պաչել է, եղբայրը քրոջը կպաչի էլի,— հանգստացրեց մանուկներին Բարխուդարը, քաղցրությամբ նայելով նրանց երեսին: Մանուկները լռեցին, Բարխուդարը չիբուխը կրկին վառեց և կրկին ընկավ մտածողության մեջ։


IV


Ընթրիքը պատրաստ էր։ Մարիամ բաջին և Գյոզնազը բաց արին մեջտեղ կապտագույն մաքուր սփռոցը և վրեն շարեցին տեսակ-տեսակ ուտելեղեններ։ Իրարու մրցմամբ երկու տանտիկինները ինչ որ ունեին բերին մեջտեղ, գետնախնձոր, քամած մածուն, եփած հավ, ոչխարի խորոված, խաշած ձվեր, թթվեղեն, կանաչեղեն։ Իսկ Գյուլնազը յուր