Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/381

Այս էջը հաստատված է

գլուխը, գրկեց ու մի քանի ջերմ համբույրներ դրոշմեց նրա ճակատին և արտասվաբուխ աչքերին։

— Հանգստացի'ր, որդի, տեսնում ես, որ հայրդ աղաչում է քեզ։ Լա՛վ, ի՛նչ անեմ, հետո ինքդ կմտածես և ինչ որ խելքդ դասի, այն կանես։ Դեհ, այժմ գնա, երեսդ սառը ջրով լվացիր... գլուխդ կցավի, դու ջղային ես, կհիվանդանաս։

Վարվառեն, աչքերը սրբելով, հանդարտությամբ ազատվեց հոր գրկից, վեր կացավ տեղից և տխուր նստեց աթոռի վրա։

— Այդպես, սիրելիս, հանգստացի՛ր, մի՞թե ես քո թըշնամին եմ, որ վատդ ցանկանամ։ Ո՛չ, Վարվառե, ինձ դու դեռ չես ճանաչում։

Այս սրտաշարժ տեսարանից հետո, Մինաս Կիրիլլիչն, արդարև, մի առ ժամանակ հանգիստ թողեց աղջկան և ոչինչ չէր խոսում Միզանդրսնցովի վերաբերությամբ։ Սակայն Վարվառեն նկատում էր, որ հայրն, այդ օրից սկսած, ավելի մտախոհ է դարձել, թեև նրա հարաբերությունը տակավին չէր փոխվում։ Ծերունին միայն առաջվանից ավելի հաճախ էր տնից դուրս գալիս և ստեպ-ստեպ Վարվառեին ևս թախխանձում էր՝ յուր հետ միասին գնալ զբոսնելու։ Նա տանը միայնակ մնալ չէր կարողանում, լրագրերն անգամ առաջվա նման չէին զբաղեցնում նրան։ Սիրում էր նա Վարվառեի հետ խոսել յուր անցյալի մասին, երիտասարդությունից զանազան անցքեր էր պատմում, թե ինչպես յուր հասարակ կրթությամբ նա սկսել է օրըստօրե առաջ գնալ կյանքի մեջ, թե ինչպես ինքն իրան համար ուժով ճանապարհ է հարթել։ Նա եղել է առաջ մի հասարակ գրագիր, հետո մի փոքրիկ գումարով տերունական մի փոքրիկ կապալ է վերցրել, հետզհետե հարստացել է, հետո դարձյալ աղքատացել է և դարձյալ աստուծո կարողությամբ, ոտքի է կանգնել: Թե հարյուր մանեթ փող է ունեցել, կեսը ծախսել է հարսանիքի համար, մյուս կիսով գործերն է շարունակել։ Թե հետո ինչպես ամենքը սիրելիս են եղել նրան, օգնել են, բարձրացրել են նրա առևտրական վարկը նախ Մոզդոկում, ապա Մոսկվայում։ Ընտանեկան դժբախտությունները — կնոջ և