Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/385

Այս էջը հաստատված է

մեջ շրջել նրանց հետ։ Նրանք անցան սեղանատուն, և այստեղ ծերունին անհայտացավ։

Առանձնանալով Վարվառեի հետ, Ռոստամյանին տիրեց սովորական ամոթխածությունը։ Քանի մի հասարակ հարցերից հետո նվազողների և երգողների մասին, նա վհատվեց և լռեց։ Արդյոք, անծանոթ լինե՞լն էր պատճառը, ընտանեկան գաղտնի՞քը, թե՞ մի այլ բան, հայտնի չէր, բայց ամենքի ուշադրությունը գրավել էր Վարվառեն։ Եվ այս ավելի պղտորում էր Ռոստամյանին։ Աջ ու ձախ նայելով, նա ամաչում էր այն հետաքրքիր աչքերից, որ, չար ոսոխի պես, դիտում էին չորս կողմից։

— Վի՞ն արիս։

— ԿԵտո՞ տակայա։

— Ո՞վ է։

— Վատ չէ։

— Ընդհակառակը, համարկելի է։

— Ես հավանում եմ։

— Դատարկ բան է։

Ահա թե անդադար ինչ էր լսում Ռոստամյանը։ Հասարակության մեջ երևեցավ Նատալիա Պետրովնայի աղջիկը — Կատոն։ Ռոստամյանը բարևեց նրան հեռվից, և մոռանալով գլխաբաց լինելը, ձեռը տարավ դեպի վեր՝ իբր գդակը վերցնելու և ավելի շփոթվեց։ Կատոն հազիվ-հազ յուր փոքրիկ և գոռոզ գլուխը շարժեց ի պատասխան Ռոստամյանի խոնարհ և Վարվառեի քաղաքավարի ու հպարտ բարևին։

Քանի մի հեռավոր ծանոթ երիտասարդներ, որոնց ուրիշ ժամանակ Ռոստամյանն հանդիպելիս կամ բարևում էր կամ — ոչ, աշխատում էին նրա ուշադրությունն իրանց վրա դարձնել։ Նրանք կանգ էին առնում, գլուխ էին տալիս և, կարծես, ուզում էին անամոթաբար մոտենալ։ Այնինչ Վարվառեն միանգամայն անտարբեր էր թե՛ դեպի շրջապատող հասարակությունն և թե՛ դեպի հետաքրքրվող աչքերը։ Սառն, անվրդով, հպարտ գլուխը բարձր պահած, նա անց ու դարձ էր անում, զանազան անկապ հարցեր տալով Ռոստամյանին Թիֆլիսի մասին։ Հանկարծ նա կանգնեց սեղանատան մի անկյունում, ուր ոչ ոք չկար, և անսպասելի կերպով հարցրեց․