կողմից այս բոլորը զարդարեց խաղողի թունդ օղիով լիքը մի մեծ շշով, որ բերավ ու դրավ ուղիղ յուր ամուսնու ծնկան առաջ։ Բոլորը պատրաստելուց հետո, Մարիամ բաջին ու Գյուլնազը քաշվեցին մի կողմ։
Վերջապես, ընթրիքը սկսվեց, օղու բաժակները մի քանի անգամ լցվեցին ու դատարկվեցին։ Կարծես, երկու հարևանները կամենում էին ջնջել իրանց սրտերից ցերեկվա անցքից մնացած ծանր տպավորությունը։
Հայրապետի գլուխն ավելի շուտ տաքացավ, քան Բարխուդարինը։ Բանն այնտեղ հասավ, որ նա մինչև անգամ մոռացավ յուր կուժն ու կուլան։ Այս բավական չէ, նա չուր ալեխառն գլխից հանելով մորթու գդակը, փորձեց Քյոռօղլվի երգերից մինը կլկլացնել։ Սակայն Բարխուդարը, այս նկատելով, հիշեցրեց նրան, թե անհարմար է, որովհետև սուգ է, բոլոր հարևանները դրսումն են, կլսեն և կծիծաղեն։
— Ափսո՛ս, ափսոս, Բարխուդար, էշխս միջումս թողիր։ Այ, հաա'յ, հա՛յ փուչ է, փուչ աշխարհս. Տեր-Մաթալն ասում է. «և ասե հող էիր ու հող դառնաս»։ Է՛հ, քեֆդ քոք պահիր, ի՛նչ կա, փառք աստուծո, մեռնեմ նրա զորութենին, նա ուզում էր մեզ խրատել ու խրատեց, լավ խրատեց, շատ լավ խրատեց։ Ամա կուժ ու կուլաս զըրընգ֊զըրընգ հա՛ա, փահ, փահ, սիրտս էր մղկտում, չունքի դե էլի ապրանք է էլի։ Ադա, էհ, ջառ ու ջհաննամը, խալխը կտորվեց, կուժ ու կուլաս մատաղ Սեյրանիս ու Սուսանի գլխի մի մազին։
Արտասանելով այս խոսքերը, Հայրապետն օղու բաժակը միանգամից դատարկեց և, յուր կարճլիկ բեղերը սրբելով, թաշկինակը ձգեց ուսերին։
Բարխուդարը ուտում էր և թեև ըստ երևույթին լսում էր հարևանի ճառաբանությունը, բայց ներքուստ, կարծես, միտքը ուրիշ բանով էր զբաղված։
— Ինչքան որ, Բարխուդար ջան, ֆիքր անես, հարյուր կոպեկը էլի մի մանեթ է. հո՛ղ, հո՛ղ, ամեններս հող ենք դառնալու։ Մարիամ ջան, Գյուլնազ խանում, կոնծեցե՚ք, որ սիրտներդ բացվի, մոռանաք էսօրվա տեսածներդ։
Բարխուդարը լուռ ու մունջ ընթրում էր, երբեմն օղին