Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/393

Այս էջը հաստատված է

— Իրավունք ունի…— արտասանեց հանկարծ Վարվառեն խուլ ձայնով,— ես արժանի եմ բամբասանքի։

— Ինչո՞ւ,— հարցրեց Ռոստամյանը, տակավին այնպես ձևանալով, որ իբր չհասկացավ Վարվառեի ասածը։

— Նրա համար, որ ամեն տեղ բամբասում են ինձ,- պատասխանեց Վարվառեն,- չէ՞ որ, պարոն Ռոստամյան, ես թողել եմ իմ օրինավոր ամուսնուն…

Այդ րոպեին Կատոյի ամուսինը մի քայլ ևս մոտեցավ։ Բայց Ռոստամյանը և Վարվառեն խոսում էին ոչ այնքան բարձր ձայնով, որ նա կարողանար պարզ մի բան լսել։ Տիրեց այն րոպեն, երբ ամենահարմարն էր Ռոստամյանի համար՝ արտահայտելու յուր ցավակցությունը Վարվառեին։ Բայց հանկարծ նա ակամա կորցրեց յուր սառնությունը,հետևաբար և չկարողացավ ասել այն, ինչ որ հոգեկան համեմատաբար խաղաղ դրության ժամանակ խորհել էր։ Եվ նա միայն կարողացավ արտասանել.

— Թող բամբասեն, Վարվառա Մինաևնա, այո՛ ես էլ եմ լսել. ձեր կյանքի տխուր եղելությունը ինձ էլ հայտնի է։ Բայց միթե այդպիսիւները կարո՞ղ են հասկանալ ձեր արդարացուցիչ պատճառները…

Այլևս նա չկարողացավ հեռու գնալ, լռեց, շփոթվեց և միանգամայն ընկճվեց, նայելով Վարվառեի, ըստ երևույթ, սառն և անվրդով դեմքին։

Երկուսն ևս լուռ նայում էին հեռվից անցուդարձ անող հանդիսականների վրա։ Մինաս Կիրիլլիչը դուրս եկավ ընթերցարանից և, տեսնելով աղջկան, մոտեցավ նրանց։ Դահլիճում դեռ պարում էին, բայց հանդիսականների թիվը հետըզհետե պակասում էր։ Սակայն դեռ միայն տասներկու ժամն էր, ծերունին տուն գնալու ցանկություն հայտնեց։ Վարվառեն իսկույն վեր կացավ տեղից։

— Իսկ դուք մնո՞ւմ եք,— հարցրեց Մինաս Կիրիլլիչը, Ռոստամյանին։

— Այո ,— պատասխանեց վերջինը:

Վարվառեի գնալուց հետո, Ռոստամյանին թվաց, թե բոլոր հանդիսականները գնացին, դահլիճը դատարկվեց։ Նա խորին հաճությամբ կուղեկցեր Վարվառեին, Բայց Մինաս