Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/400

Այս էջը հաստատված է

արտաքուստ ուրախ ժպտալով։— Փողն ո՞ւմ համար եմ աշխատում, որ քեզ համար էլ խնայեմ։ Դու այն ասա, Կատո ջան, որ ես մոռացել եմ Բաթումից քեզ համար լավ-լավ բաներ բերել։

— Դու միշտ մոռանում ես,— հեգնորեն նկատեց Կատոն։

— Էէ՜, ի՞նչ նորություն եք բերել կոնցերտից,— հարցրեց այրին հետաքրքրությամբ։

— Հա, մոռացա. նորություն և ի՜նչ նորություն, մամա,— գոչեց Կատոն, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։ — Նստի՛ր, պատմեմ։

Այրին և Լազար Մակարիչը, որ մինչև այժմ կանգնած էին, տեղավորվեցին բազկաթոռների վրա — Մակարիչն յուր կողակցի մոտ, այրին դեմ ու դեմ։

— Առաջ-առաջ դու ինձ ասա, մամա, քո այդ կենողիդ, քո այդ գոված կինտոյիդ անունն ինչ է՞։

— Ստեփան Գրիգորիչ... խոմ հարյուր անգամ հարցրել ես, Կատո։

— Ես քեզ ասել եմ, մամա, որ այդ տեսակ կռոների անունները մտքումս չեմ պահում։ Շատ հարկավո՞ր է։ Էէ՜, ի՞նչպես է այդ քո խելոք Ստեփան Գրիգորիչը, լա՞վ է, ուրա՞խ է։

— Ի՞նչպես։

— Հը՜մ...— արտասանեց Կատոն, խորհրդավոր հայացքով նայելով մոր երեսին,— բաս քեֆը լավ է է՞լի։

— Էէ՜, ասա, ինչ որ ասելու ես, ի՞նչ ես պատեպատ գցում ինձ,— գոչեց այրին անհամբերությամբ։

— Ասեմ. քո այդ գոված կռոն սիրահարվել է։

— Ո՞վ, Ստեփան Գրիգորի՞չն, ո՞ւմ վրա,— գոչեց այրին զարմացած։

— Ո՞ւմ վրա... այ, այն մարդուց փախածի, ի՞նչ է նրա անունը, տեր աստված... հա, մադամ Միզանդրոնցովի վրա։ Այրին մի խոշոր հարցական հայացք ձգեց աղջկա երեսին։

— Զարմանո՞ւմ ես, մամա, աչքովս եմ տեսել ու ականջովս լսել: Այսուհետև է՛լ չասես, թե Կատոյի լեզուն չար է։