— Եթե իմ ձեռքում իրավունք լիներ,— իսկույն կախ կտայի այդպիսիներին,— ավելացրեց Կատոն։
— Ես կախ չէի տալ, մատներով կխեղդեի,— հարեց Լազար Մակարիչը։
— Կինը մարդուն թողել է, բավական չէ, օտար քաղաքներ է փախել, բավական չէ, հիմա էլ ուզում է մի ուրիշին ձեռք գցի, որ հետո նրան էլ թողնի ու փախչի։ Մամա, ինչ ուզում ես ասա, ես կյանքումս կարող չէի երևակայել, որ կնիկարմատը կարող է այդպես փչանալ։
— Եվս առավել տղամարդը,— ավելացրեց հավատարիմ ամուսին Լազաթ Մակարիչը։
— Տղամարդն էլի, ասենք, այնքան մեղադրելի չէ, բայց կնիկարմա՜տը... թյո՜ւ...— գոչեց Կատոն։
— Ճշմարիտ է,— ասաց Լազար Մակարիչը։
— Անպիտաննե՜ր։
— Անպիտաննե՜ր,— կրկնեց Լազար Մակարիչը։
— Ես այսուհետև նրանց ոչ մեկին ձեռք չեմ տալու, մամա, թեկուզ դու ինձանից նեղանաս։
— Ես էլ,— միացավ յուր կնոջ վճռին հավատարիմ ամուսինը։
— Երեսներն էլ չեմ ուզում տեսնել,— ավելացրեց Կատոն։
— Ես էլ,— շեշտեց «քաչալ Լազրեն», քայլ առ քայլ հետևելով յուր սիրելի կողակցին:
— Սպասեցե՛ք, սպասեցե՛ք,— ընդմիջեց, վերջապես, զարմացած, Նատալիա Պետրովնան։ — Կատո, ի՛նչ ես վռազում, ո՛վ է իմանում, շատ կարելի է դու անմեղ տեղը կասկածում ես, շատ կարելի է նրանք հենց այնպես, ծանոթներ են: Ինչ կուզե — լինի, ես էլի չեմ հավատում, որ թե՛ Ստեփան Գրիգորիչն ու թե Վարվառա Մինաևնան մի անխելքություն անեն:
— Ինչո՞ւ չես հավատում, դու ո՞րտեղից ես նրանց ճանաչում։
— Ստեփան Գրիգորիչի՞ն, ե՞ս չեմ ճանաչում, Կատո. չորս տարի է ինձ մոտ բնակվում է։ Չէ՛, Կատո, ես նրան լավ եմ ճանաչում. նա շատ խելոք մարդ է, ուսում առած է։