Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/405

Այս էջը հաստատված է

— Օրինակ, մեկն ե՛ս, մամա,— ավելացրեց Կատոն,— շատ ժամանակ հենց ինքս Լազրոյից նեղանում եմ,— հարցրու իրանից, ինքն էլ կասի։— Նեղանում եմ, որ ինձ հետ մարդավարի չի վարվում, կարող եմ ասել, որ շատ ու շատ գազանաբար է վարվում։ Խոսք է եկել, ասում եմ, մի նեղանար, Լազրո,— դարձավ նա Լազար Մակարիչին, որ, գլուխն աջ ուսի կողմը ծռած, աչքի տակով կես հեգնաբար և կես հանդիմանորեն մտիկ էր անում կնոջ երեսին։

— Ախ, Կատո, Կատո, ի՜նչ ասեմ,— արտասանեց Լազար Մակարիչը, հառաչելով,— դու ու քո աստվածը, ասա՛ պատահե՞լ է, որ ես եղունգիս չափ նեղացրած լինեմ քեզ։

— Սո՛ւս, Լազրո, էլ մի՛ խոսիր, մեր ցավը թող մենք իմանանք.— ընդհատեց Կատոն, գլուխը շարժելով, և շարունակեց.— հիմա դու ասա, մամա, ես այսպիսի մարդուն պիտի թողնեմ ու վազեմ քո մո՞տ։ Լա՜վ, այս որ անեմ, ի՞նչ կասեն, ի՞նչ կխոսեն ամբողջ քաղաքում, չէ՞ որ կխայտառակեն ինձ էլ, նրան էլ, քեզ էլ, եղբորս էլ, ով գիտե, մեր բոլոր ազգականներին էլ...

— Բայց, իհարկե, ո՛չ ես մազու չափ վատ կվարվեմ Կատյուշայիս հետ, ո՛չ էլ նա ինձ կթողնի ու կփախչի,— լրացրեց Լազար Մակարիչը։— Այնպես չէ՞, Կատյուշա,— դարձավ նա յուր ամուսնուն և դարձյալ կամեցավ յուր հաստլիկ ցուցամատի ծայրը շփել նրա ծնոտին, դարձյալ ամաչեց Նատալիա Պետրովնայից և դարձյալ իսկույն ձեռը հետ քաշեց երկյուղով։

Այս եղանակով խոսակցությունը մի փոքր ևս շարունակվեց։ Մարդ ու կին քննեցին, քննադատեցին և, վերջ ի վերջո, համոզեցին Նատալիա Պետրովնային, որ նա զգույշ լինի և թույլ չտա, որ յուր տան մեջ հասարակության աչքին ընկնող մի այնպիսի նշանավոր երևույթ տեղի ունենա, որի մասին այնպես համոզված խոսում էր Կատոն։ Քանի դեռ վաղ է, թող Նատալիա Պետրովնան դուրս բերի յուր տնից Ռոստամյանին էլ ու Քիրիշչիևներին էլ։

Այրին, թեև հայտնեց, որ ինքը չի հավատում Կատոյի ասածին, բայց առաջուց իսկ մութ կերպով զգում էր, որ իրավ յուր կենողների մեջ կա ինչ-որ փոխադարձ համակրություն: