Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/409

Այս էջը հաստատված է

Մինաս Կիրիլլիչը, երկուշաբթի օրից սկսած, ամեն առավոտ թեյ խմելու ժամանակ, հարցնում էր.

— Վարվառե, ամենքը պատրաստվում են՝ ուրախ զատիկ վայելելու, մենք չպի՞տի ուրախանանք։

Բայց տոների մերձավորությունը, կարծես, բնավ չէր շարժում Վարվառեի սիրտը։ Նա միշտ յուր հոր հարցին տալիս էր միևնույն պատասխանը.

— Պապա, ինձ համար ոչինչ պատրաստություն հարկավոր չէ, ինչ կամենում եք, արեք։

— Իսկ ես ուզում եմ, որ դու էլ, ամենքի պես, ուրախանաս այդ օրերը։

Դուստրը, պարզ հասկանալով հոր խոսքերի ներքին իմաստը, մի խորին հառաչանք էր արձակում կրծքից ու լռում։

Այնինչ Մինաս Կիրիլիչը, ընդհանուր հոսանքից մղվելով, ցանկանում էր զատիկը դիմավորել ուրախ սրտով։ Նա ամեն օր դուրս էր գալիս և տեսնում էր, որ ամենքը շարժման մեջ են։ Փողոցներում տիրում էր անսովոր կենդանություն, շուկաներում խռնվում էր գնողների և վաճառողների ահագին բազմություն։ Եվ ի՞նչպես նա ջերմ սրտով չցանկանար խառնվել ամբոխին, մասնակցել ընդհանուրի ուրախությանը, քրիստոնեական տոնը հանդիպել իբրև քրիստոնյա, այնպես, որպես մի ժամանակ նա հանդիպում էր Մոզդոկում և Մոսկվայում։

Բայց ի՞նչպես տոնել և ո՞ւմ հետ, քանի որ նրա տան միակ կենդանությունը, նրա կյանքի միակ մխիթարությունն անտարբեր է դեպի ընդհանուրի ուրախությունն ու տրտմությունը։

Ամեն կողմից Մինաս Կիրիլլիչը դժբախտ էր զգում իրան այն օրից, երբ Վարվառեն բաժանվել էր ամուսնուց, բայդ երբեք այդ դժբախտության լուծն այնքան ծանրացած չէր նրա վրա։ Մարդկանց ուրախությունն ավելի դառնացնում էր նրա սիրտը։ Բոլոր քրիստոնյաների մեջ նա զգում էր, որ միայն ինքն և Վարվառեն կազմում են բացառիկ ու անջատված մի մարմին և ոչինչ կապ չունին հասարակական ամբողջության հետ։