կլիներ ինքնախաբեություն։ Նրանք պիտի հեռու լինեն իրարուց, չպիտի տեսնվեն: Եվ, իհարկե, պիտի հեռանա Վարվառեն: Այո, նա կխնդրի հորը, որ տեղափոխվեն այս բնակարանից... Այն ժամանակ թող նա մնա միայնակ յուր զգացմունքների հետ, նա կհաղթի ինքն իրան, կաշխատի հաղթել: Ուրիշ կերպ անկարելի է... նա պարտավոր է մոռանալ նրան...
Սակայն այս մի րոպեական վճիռ էր, որ իսկույն փոխվեց, և Վարվառեի մտքերն ու զգացմունքները ավելի շփոթվեցին։ Անորոշ մտատանջության մեջ նա երկար ժամանակ անցուդարձ էր անում սենյակի մեջ։ Մի րոպե կանգնեց պահարանի առջև, նայեց հայելու մեջ: Նրան թվաց, թե վերջին երկու երեք շաբաթվա ընթացքում ավելի նիհարել է և ավելի գունաթափվել, չնայելով, որ գարնանային եղանակը նրա այտերի վրա ևս սփռել էր այն թեթև պարզ կարմրությունը, որով տարվա այդ միջոցին օծվում է ամեն մի գունասպառ կնոջ երեսը։ Բայց նրա աչքերի մեջ փայլում էր ավելի կենդանություն, քան առաջ։
Դռները բացվեցին, ներս մտավ աղախին Մատրենան։
— Տիրուհի, դուք զբաղվա՞ծ եք,— հարցրեց ռուս պառավը։
Վարվառեն շփոթված հետ նայեց։
— Ի՞նչ ես կամենում,— հարցրեց նա բարկացած։
— Ձեզ ուզում են տեսնել։
— Ո՞վ։
— Ա՛յ, այն երիտասարդ պարոնը:
Մատրենան ձեռով ցույց տվեց պատշգամբի մյուս ծայրը։
— Այստե՞ղ է։
— Դրսում սպասում է, տիրուհի։ Այսօր երկու անգամ եկել է ու հարցրել։ Մեկ ուզում էի ասել, որ տանը չեք, բայց հետո մտածեցի, թե ավելի լավն է ձեզանից հարցնեմ։ Հրավիրե՞մ։
Վարվառեն մի քանի վայրկյան լռեց և հետո, կարծես, մտքում մի բան վճռելով, հրամայեց։
— Հրավիրի՛ր մյուս սենյակ։