Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/42

Այս էջը սրբագրված է

ասած, Զաքարիայի լեզվի պես պապանձվել է, ես խոսելու հնար չունիմ։


— Միտքս էն է, Հայրապետ, որ մենք պիտի աշխատենք մեր բարեկամությունը պինդ պահել, որ չլինի թե մեր միջովը սև կատու անցկենա։ Մենք պիտի էնպես մոտիկ ապրենք, որ ջուրը ջրութենով մեր արանքով չանցնի։ Լսո՞ւմ ես. ջուրը ջրութենով։ Հիմա դու կհարցնես, դա ի՛նչպես կլինի։ Ականջներդ լավ բաց արա, Հայրապետ ու լավ լսիր, տե՛ս ինչ եմ ասում։ Դու քնում ես, այ մարդ։


Իրավ, Հայրապետը, կարծես, ուզում էր քնել։ Նրա կոպերը հոգնածությունից և օղիի զորությունից այնքան ծանրացել էին, որ չէր կարողանում աչքերը բաց պահել։ Իսկ տանձի կոթի պես թուլացած շլինքը ուժ չուներ, որ նրա գլուխը ուղիղ պահեր, ուստի վերջինը տատանվում էր այս ու այն կողմ։


— Մի քիչ գլուխս թարազ չի, ամա ասա՛, ասա՛, Բարխուդար, խոսքերիցդ մինն էլ բաց չեմ թողնում։


— Թարազ պահիր, տես ինչ եմ ասում։


— Հըը…


Հայրապետը գլուխը մի կերպ բարձրացրեց, կոպերը հոնքերի հետ ուժով քաշեց դեպի ճակատը և նայեց Բարխուդարի երեսին։ Ճրագի դեղնագույն լուսո առաջ նրա կարմրած աչքերը փայլեցին։


— Շատուց է, որ տեսնում եմ իմ Սուսանիս և քո Սեյրանիդ մեջ կա մի մոտավորություն. նրանք իրարու հետ էնպես են վարվում, ինչպես մի հորից ու մի մորից ծնվածներ։ Ե՛կ, Հայրապետ ջան, մենք էլ մեր ձեռքով էս երեխաների սերը հաստատ ենք և մեր բերանով օրհնենք։ Էսօրվա օրը նշանավոր է, ե՛կ Սեյրանին և Սուսանին հենց էս գիշեր իրարու հետ կապենք ու աստծուն բաշխենք։ Ես Սուսանիս բաշխեցի քո Սեյրանին, Սուսանը, փառք աստուծո, օրեցօր չափահասանում է։ Էսօր էգուց նրան, մեր քաղաքի սովորությունն է, պիտի գցենք տուն, որ յադ տղի երես չտեսնի, ինչպես որ աղջկա պարտքն է և ինչպես որ մեր պատիվն է ուզում։ Ամա ես իստակ սրտիցս խոսք եմ տալիս, որ Սուսանս Սեյրանինը կլինի։ Իմ ասածս ասած է, արածս էլ արած.