Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/422

Այս էջը հաստատված է

բայց նրա ձայնի մեջ, փոխանակ ծիծաղի, զգացվեց մի անզսպելի դողոց։ Նա շարունակեց մռայլ եղանակով։

— Հայրս առաջարկեց ինձ յուր հետ գնալ, ես մերժեցի։ Իսկ դուք սովորություն ունի՞ք, պարոն Ռոստամյան, այս օրերում գերեզմանատուն այցելելու։

— Այս օրերում— ոչ, բայց սիրում եմ այցելել, երբ տխուր եմ լինում։

— Երբ տխո՞ւր եք լինում։

— Գուցե ձեզ համար ծիծաղելի լինի, Վարվառա Մինաևնա, ես տխրությունս փարատում եմ տխրությամբ։ Գերեզմանատանը զգում եմ անբացատրելի հոգեկան թեթևություն...

— Այդ մասամբ հասկանալի է,— ընդհատեց Վարվառեն թախծալի ձայնով։

— Հասկանալի՞ է,— կրկնեց Ռոստամյանը, ներքուստ ուրախանալով և, միևնույն ժամանակ, մի առանձին ոգևորությամբ ներշնչված։

— Հասկանալի է, այո, երբ դառնացած սրտով նայում ես այնտեղ աջ ու ձախ, լուռ ու մռայլ գերեզմանները, կարծես, քեզ պարգևում են մի տեսակ մխիթարություն։ Ես միշտ այնտեղից վերադառնում եմ ավելի ուրախ, թեթևացած սրտով, քան գուցե ուրիշները մի զվարճալի հանդիսից։ Ինչի՞ցն է այս... Գուցե նրանից, որ ճակատագիրն ինձ մանկության հասակից ստիպել է սիրել մեռելների հանգստարանը, սիրել, երբ այնտեղ հանգչում են իմ սիրելի էակների մարմինները...

— Ի՛նչ տխուր խոսակցություն սկսեցինք,— ասաց Վարվառեն, երբ Ռոստամյանը հանկարծ լռեց, ասաց և ինքը հազիվ զսպեց յուր հառաչանքը։

Այնինչ՝ Ռոստամյանի թախծալի խոսքերը թափանցեցին նրա սրտի խորքը, ըստ որում մռայլ խոսակցությունը համապատասխանում էր նրա հոգեկան տրամադրությանը։ Նա անկեղծ ցավակցությամբ նայեց Ռոստամյանի երեսին, նայեց և իսկույն աչքերը խոնարհեցրեց, գլուխը թեքեց դեպի կուրծքը։ Եվ նրա այտերը շառագունեցին։ Ռոստամյանի շրթունքները դողդողում էին. նա հազիվ կարողանում էր խեղդել յուր ներքին ալեկոծությունը։