Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/428

Այս էջը հաստատված է

— Ոչ. նա երբեք հանձն չի առնիլ յուր հանցանքն, երբե՛ք, ես ճանաչում եմ նրան։ Կամենո՞ւմ եք, որ ե՛ս հանձն առնեմ մի չկատարած հանցանք... Տեր աստված, ես... ես... պատրաստ եմ։ Բայց ո՛չ, զուր կլինի։ Ես դարձյալ կմնամ կապված, ազատությունը կստանա նա միայն։ Իսկ հա՞յրս...

Նա դարձյալ թուլացած նստեց աթոռի վրա և երեսը ձեռներով ծածկեց։

— Վարվառե, մի հուսահատվիր, մենք ուրիշ ելք կգտնենք,— գոչեց Ռոստամյանը, խելագարի պես ճանկելով Վարվառեի ձեռն և հպելով յուր բոցավառ շրթունքներին: Թո՛ղ մեզ հալածեն, թող զզվեն մեզանից, փույթ չէ, ես չեմ վախենում ոչ ոքից...

— Հա՜յրս, հա՜յրս, մտածեցեք նրա՛ մասին,— ասաց Վարվառեն, թողնելով յուր ձեռը Ռոստամյանի ձեռն երի մեջ,— դուք գիտե՞ք, որ նա չի կարող մի այդպիսի զոհաբերություն անել...

— Նա բարի է, ազատամիտ է, նախապաշարված չէ... Նա քեզ սիրում է։

Վարվառեն լուռ բացասաբար շարժեց գլուխը։

Ռոստամյանը շարունակեց.

— Ի՛նչ, միթե յուր միակ աղջկա բախտը չի՞ համոզիլ նրան, չի՞ կակղեցնիլ նրա սիրտը։ Վարվառե, ասացե՛ք, նա ձեզ սիրո՞ւմ է։

— Ես իրավունք չունիմ պահանջել նրանից անկարելին, հասկացե՛ք...— պատասխանեց Վարվառեն... — Նա սիրում է ինձ, բայց իրավունք չունիմ այդ սիրո փոխարեն նրանից անկարելի զոհաբերություն պահանջել — պահանջել, որ նա յուր անունը, պատիվը հասարակության խոսակցության առարկա դարձնի։

Ռոստամյանը, դառն հեգնությամբ գլուխը շարժելով, հուսահատված ու թուլացած, նստեց բազկաթոռի վրա։

— Ուրեմն, ես սխալված էի ձեր վերաբերմամբ...— արտասանեց նա տաքացած, ճակատը ձեռներով սեղմելով և երեսը ծածկելով։— Ես այդպես չէի կարծում,— շարունակեց նա նույն դրության մեջ.— ես ուրիշ համոզմունք ունեի ձեր մասին։ Բայց... փո՛ւյթ չէ... այո, գիտեմ այսուհետև, թե

428