Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/43

Այս էջը սրբագրված է

խոսքիցս հետ չեմ կանգնիլ, եթե Սեյրանիդ էնպես կմեծացնես, որ նա մեր քաղաքի «կապը կտրածների» պես ազա չդուրս գա։ Լսում ե՞ս։ Դե, Հայրապետ ջան, ի՛նչ կասես, լավ միտք եմ արել, թե՞ չէ։


Բարխուդարի խոսելու ժամանակ Գյուլնազի և Մարիամ բաջու քչփչոցը քանի գնում այնքան կենդանանում էր։


Երբ Բարխուդարը, յուր խոսքերը ավարտելով, դիմեց Հայրապետին, հարցնելով նրա կամքը, վերջինը մի քանի վայրկյան ոչինչ չպատասխանեց։ Նա ապշած նայում էր յուր հարևանի երեսին։ Հանկարծ սթափվեց, գդակը գլխից վերցրեց և խփեց գետնին։


— Մարիամ ջան, Մարիամ ջան, մի մոտ ե'կ, էստեղ վազիր, մոտս, ա՛յ, հաա՛, հա, էստեղ կանգնիր։


Մարիամ բաջին զարմացած մոտեցավ յուր ամուսնուն և կանգնեց նրա մոտ, մի ձեռով շալի ծայրը բերանին պահած։ Հայրապետը բռնի'եց նրա արխալուղի փեշից, կարծես, վախենալով, մի գուցե փախչի։


— Մարիամ ջան, դու քո հոր աղջիկը չես իլի, մարդու զավակ չես իլի, թե որ սուտ ասես։ Չիլավ, հալա մին երեսիդ խաչակնքիր տեսնեմ, հաա', էդպես։ Դեհ, Մարիամ, ցավդ առնեմ, հիմա ասա՛, քանի-քանի անգամ եմ ես ֆիքր արել հենց Բարխուդարի ասածը։ Հը՞մ, միտդ չի՞, ասա էլի, լալ հո չես. հը՞մ, քանի անգամ եմ քեզ ասել, որ լավ կլինի մեր Սեյրանին Սուսանի հետ հիմիկուց նշանենք։ Ասա՚ էլի…


Մարիամ բաջին դեպի Բարխուդարի կողմը գլխով նշան արավ թե ճշմարիտ է ասում Հայրապետը։


— Չէէ, չէ, չիլավ, լեզվովդ ասա։ Խոսի'ր, խոսիր, հաջաթ չի, մի ամաչիր,— հրամայեց Հայրապետը։


— Ղորթ է ասում, շատ է ասել,— փնթփնթաց քթի տակ Մարիամ բաջին։


— Լսում ե՞ս, Բարխուդար։ Դեհ, հափ֊հափ հուռռա, էս թասն էլ կխմենք Սուսանիս և Սեյրանիս նշանդրեքի համար։


Մարիամ բաջին մոտեցավ Գյուլնազին։ Երկու տանտիկինները, օգուտ քաղելով հաջող դեպքից, վերջապես, կամեցան գոնե առժամանակ արձակել իրանց լեզուների կապը։