ավելի մոտիկ բարեկամություն ուներ, քան մի որևէ ուրիշի հետ, թեև Սարգսյանն ուսանում էր համալսարանում, իսկ ինքը՝ երկրագործական ճեմարանում։ Սարգսյանն ի բնե բարեսիրտ, անկեղծ և մտածող, խոսել սիրող տղա էր։ Նրա բուն թիֆլիսեցի ծնողները բավական ունևոր մարդիկ էին, ուստի շատ անգամ նա յուր ստացած թոշակի ավելվածով կարողանում էր օգնել աղքատ ընկերներին։ Ի միջի այլոց, նա մի անգամ նեղությունից ազատել էր և՛ Ռոստամյանին, հակառակ վերջինի համառությանը, տալով նրան փոխադարձաբար մի գումար ուսման և բնակարանի վարձն յուր ժամանակին վճարելու համար։ Ռոստամյանն, այս օգնությունից հետո, ի սրտե հարգում էր Սարգսյանին և թեև նրանց բարեկամությունը մտերմության աստիճանից տակավին հեռու էր, բայց դեպք եղած ժամանակ Սարգսյանն յուր անկեղծությամբ կարողանում էր մերձենալ նրա սրտին...
— Ո՞ւր ես գնում այսպես մտամոլոր,— հարցրեց Սարգսյանը, բարեկամաբար ժպտալով և երկու ձեռներով սեղմելով Ռոստամյանի աջը։
— Հենց այնպես, զբոսնում եմ,— պատասխանեց Ռոստամյանը։
— Ուրեմն թույլ տուր քեզ ընկերանալ։ Զարմանալի է, տոներին ես սաստիկ տխրում եմ անգործությունից։ Գնա՛նք միասին։
Նրանք խոսակցելով, անցան դեպի Միքայելյան կամուրջի կողմը։ Սարգսյանը հարցրեց Ռոստամյանի առողջության և գործերի մասին, պատմեց յուր գրությունը, հաղորդեց մի քանի նորություններ։ Հետո խոսակցությունն անցավ նրանց նախկին ուսումնակիցների վրա։ Սարգսյանը սկսեց մեկին պախարակել, մյուսին քննադատել, մի երրորդի մասին խոսել արհամարհանքով։
— Գիտես ինչ,— ասում էր նա կյանքից հիասթափված մարդու եղանակով.— այս անպիտան կյանքը մարդուս շատ է փչացնում։ Նա մի սարսափելի փորձություն է։ Այն, ինչ որ ատում էինք ուսանողության ժամանակ, այժմ մեզ
433
Շիրվանզադե, I հատոր—28