Պառավը խորհրդավոր կերպով այս ու այն կողմ նայեց և քայլերն ուղղեց դեպի յուր տիրուհու սենյակը։
Ռոստամյանը մտավ ներս, երեսնիվայր պառկեց անկողնու վրա և խորասուզվեց մտածողության մեջ։ Ի՞նչ կպատասխանե, արդյոք, Վարվառեն կընդունե՞ իրեն, թե՞ ոչ, և ի՞նչպես կընդունե, ո՞րտեղ։ Յուր տան մեջ — չի կարող. Մինաս Կիրիլլիչն արթուն պահնորդի պես հսկում է, այժմ յուր աղջկա յուրաքանչյուր քայլը և միայն հսկում է, թե՛ տանջում է նրան յուր հարց ու փորձով, թե՛ նախատում է առավոտ ու երեկո կամ գուցե ավելի խիստ է վարվում կամ գուցե, յուր աղջկա համարձակությունը պատմելու համար, բարբարոսական միջոցներ է գործադրում: Արդյոք, մի մարդ, որի մեջ պատվասիրությունը հիվանդություն է դարձել, կարո՞ղ է զսպել յուր կատաղությունը հարազատ դստեր դեմ, երբ այդ դստեր վարմունքը նա այնչափ դատապարտելի, այնչափ հանցավոր է համարում։— Ո՛չ, ամենևին։ Նա չարաչար կպատմի հանցավորին։ Եվ նա ուրիշ կերպ չի կարող վարվել, քանի որ այս է պահանջում նրա աշխարհայացքը, նրան շրջապատող ամբոխը։ Ամբոխը, որի կարծիքի առջև Մինաս Կիրիլլիչը դողում է, սարսափում է, ստրկանում է մինչև գետին։ Ինչո՞ւ. որովհետև նա է նրա միակ անսխալ դատավորը, նա է նրա մտքի և սրտի ղեկավարը։ Սեփական խիղճը, խելքի ինքնուրույնությունը մի կրավորական տարր է նրա մեջ, որ ենթարկված է ուրիշների հայացքներին։ Այո, զարհուրելի է հանրության բարոյական լուծը մեկի վրա. նա մի բռնակալ է, որ անհատի մեջ անզգայաբար ջնջում, ոչնչացնում է ամենայն մի ինքնուրույնություն: Ահա ինչու, երբ մի անհատ հանդգնում է ընդդիմանալ այդ հանրային բռնակալության, ամբոխը մատնացույց է անում նրա վրա, գոռալով.
— Ահա հանցավորը, որին պիտի պատժել, ահա խելագարը, որի ոտները և ձեռները պիտի շղթայել, պատմեցե՛ք, խեղդեցե՛ք, դո՛ւրս գցեցե՛ք ձեր շրջանից որովհետև նա համարձակվում է բողոքել մեր նախապաշարմունքների և սնահավատության դեմ...
Կո՜ւյր մոլեռանդ դատավոր, որ միշտ ուղեղի մի կողմովն է